Արմեն Մարտիոսյանը համամիտ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ԲՀԿ կողմից խորհրդարանական կառավարման և հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին ներկայացված առաջարկներին, հայտարարել է, թե խնդիրը կառավարման համակարգի մեջ չէ, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության:

Ռոբերտ Քոչարյանի այս դիտարկումների հետ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ:

«Երկրորդ նախագահն այս պարագայում արտահայտել է միտք, որն ինձ համար ընդունելի չէ: Հաշվի առնելով, որ Հայաստանում մեծ դեր են խաղում նախագահի անմիջական ղեկավարության ներքո գտնվող ինստիտուտները՝ իրավապահ, հարկային, մաքսային մարմինները, նրանք, ըստ էության, ավելի մեծ լիազորություններ ունեն, քան կառավարությունը: Ուստի այս տեսակետի հետ համաձայն չեմ: Խորհրդարանական կառավարման հիմքում, կարծում եմ, որ իշխանության կենտրոնացվածությունը տեխնիկական առումով հակակշռվում է»,- պարզաբանեց Ա. Մարտիրոսյանը:

Հարցին, թե արդյոք քաղաքական այս կոնսուլտացիաները արհեստականորեն չե՞ն ընդգրկվել օրակարգ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ արհեստականության մասին խոսելը ճիշտ չէ. «Քաղաքական տեխնոլոգիայի առումով՝ ԲՀԿ-ն ոչ սխալ քայլ է կատարել: Ամենայն հավանականությամբ, «Բարգավաճը» տեսել է, թե ի՞նչ գաղափար կարող է արտահայտել, որն ընդունելի լինի մնացած ուժերի կողմից: Քանի որ թե՛ մենք, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀԱԿ-ը այս մասին ժամանակին խոսել էինք, ԲՀԿ-ն երևի դիտարկել է սա որպես միավորող հիմք՝ կոնսուլտացիաներ անցկացնելու համար: Իսկ ես սա շատ դրական եմ համարում»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակետին, թե ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաների նպատակը քաղաքական դաշտը Քոչարյան-Սարգսյան տիրույթում պահելն է, ապա Ա. Մարտիրոսյանը նկատեց, որ ինքը կարիք չունի մեկնաբանելու պատգամավոր, ակտիվ քաղաքական կին գործչի տեսակետը և բացի այդ կուսակցությունում խրախուսվում և ոչ թե պատժվում է կարծքիների բազմազանությունը:

«Իմ անձնական կարծիքով, սակայն, ցանկացած պարագայում, եթե մեկի կողմից առաջ է քաշվում խնդիր, որը հնարավորություն է տալիս  գոնե կես քայլով լուծել երկրի առջև ծառացած խնդիրներից մեկը, ապա պետք է օգնել՝ կատարելու այդ կես քայլը»,- նշեց նա:

Զ. Փոստանջյանի  մեկ այլ տեսակետի առնչությամբ էլ, ըստ որի՝ ԲՀԿ-ն դառնալու է իշխանության մաս, Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե որևէ կուսակցության առումով երբևէ չի կարելի բացառել, որ իշխանության մաս կդառնա: «Կարծում եմ՝ բոլոր կուսակցությունների ցանկությունն է, այդ թվում և մերը, իշխանություն դառնալ և կյանքի կոչել ծրագրերը: Այլ հարց է, թե որո՞նք են այդ ծրագրերը»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս