«Այս բյուջեով ՀՀ քաղաքացին առավելագույնը կարող է սողալ»
Այս պահին Ազգային ժողովում շարունակվում է 2013թ. բյուջեի նախագծի քննարկումը: Արդեն իսկ ելույթ են ունեցել խորհրդարանական հինգ խմբակցությունների՝ ներկայացուցիչները: Նրանցից չորսը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն (բացառությամբ՝ ՕԵԿ-ի), հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
Օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ «այստեղ ընդհանրապես բյուջե չկա», և չեղած բյուջեին իրենք չեն կարող կողմ քվեարկել:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ եթե 2012թ. բյուջեն անվանում էին գոյատևման բյուջե, ապա 2013թ. բյուջեի նախագիծը կարելի է անվանել «սողացող բյուջե»:
«Այս բյուջեով ՀՀ քաղաքացին առավելագույնը կարող է սողալ»,- ասաց Զոհրաբյանը:
Այս պահին ելույթ է ունենում ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով, բնականաբար, փորձում է հիմնավորել, թե որքան լավ բյուջ է ներկայացրել ՀՀ կառավարությունը:
«Որևէ մեկը չի կասկածում, որ եթե մենք ունենայինք ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ լավ բան կանեինք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: