Ծառուկյանը Բալասանյանին «նակազ» է տվել
Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ ԳԱԼԱ-ի՝ նա գյումրեցիներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդի կողմից խոստացված աղբատար և ձյուն մաքրող մեքենաները հասել են Գյումրի և բացի այդ, ըստ Սամվել Բալասանյանի Գագիկ Ծառուկյանին արդեն ներկայացվել է Գյումրիում տիրող իրավիճակը, և այդ առումով դարձյալ աջակցություն են ակնկալում:
«Նոր քիչ առաջ քայլում էինք, մեկը մոտեցավ ասեց պարոն Ծառուկյան երեք հատ էլ ջրցան մեքենա էլի, ասում է հա, ճանապարհին ես ասում եմ, պարոն Ծառուկյան ջան մի քիչ էլ ցեմենտ է պետք, ասում է` ինչքան ուզում ես արի տար: Պարոն Ծառուկյան ջան, ես գիտեմ, որ դուք մեր կողքին կանգնած եք, անում եք ամեն ինչ, որովհետև 65 տոկոս վստահության քվե տվեցին ինձ իմ համաքաղաքացիները»:
Սամվել Բալասանյանը նշել է նաև, որ իր առաջնորդի կողմից հատուկ «նակազ» է ստացել՝ չքաղաքականացնել Գյումրիի քաղաքապետարանը:
«Ես կարևորում և ողջունում եմ, որովհետև չի կարող քաղաքապետարանը քաղաքականացված լինել: Ես ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչ եմ, բնականաբար, ես իմ աշխատանքները կկատարեմ ժամը վեցից հետո, կամ շաբաթ-կիրակի օրերին: Մենք պետք է իրար հետ թև-թևի, ուս-ուսի տված քաղաքը վերակառուցենք և ինձ թվում է, որ պարոն Ծառուկյանը պետք է իր մեծ լուման ունենա էս քաղաքի վերակառուցման գործում»,- շեշտել է Բալասանյանը: