Բաժիններ՝

Գործադուլներ և ցույցեր ԵՄ անդամ երկրներում

Եվրոպական Միության անդամ երկրներում երեկ բողոքի ցույցեր էին անցկացվում` ընդդեմ գործազրկության և կառավարությունների տնտեսական քաղաքականության: Եվրոպական կառույցների դիմաց երեկ բողոքել են նաև Բրյուսելում, որտեղ բողոքի ցույցի էին դուրս եկել տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների ու արհմիությունների անդամներ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք չենք ցանկանում վճարել իշխանության սխալների համար»,- ասում էին ցուցարարները:

Ցուցարարները Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատների մոտ երթ են անցկացրել, ապա հավաքվել են եվրոպական կառույցների դիմաց: Հիմնական բողոքը Եվրոպական հանձնաժողովից էր, ցուցարարները դեմ էին ԵՄ բյուջեն ընդլայնելու Եվրահանձնաժողովի ծրագրին։

«Սա համաեվրոպական բողոքի ակցիա է, և մենք պայքարում ենք տնտեսական կոշտ քաղաքականության դեմ: Մենք հուսով ենք, որ այսօրվա բողոքի ցույցն իր արդյունքը կունենա, բացի այդ մենք առաջարկությունների ծրագիր ունենք, թե ինչպես պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ: Հուսով ենք՝ Եվրահանձնաժողովը եւ քաղաքական գործիչները կլսեն մեզ և հաշվի կառնեն մեր առաջարկը»,- ասել էր ցուցարարներից մեկը:

Բելգիացիներն ասել են, որ, միանալով Իսպանիայում, Պորտուգալիայում և Հունաստանում բողոքի դուրս եկած աշխատավորներին, իրենք էլ իրենց միասնությունն ու համերաշխությունն են արտահայտում այս համաեվրոպական գործադուլի և բողոքի ցույցի միջոցով: Եվրոպացիները վրդովված են, որ պետք է սեփական գրպանից վճարեն իրենց երկրների կառավարությունների կողմից անցկացվող տնտեսական կոշտ քաղաքականության համար:

«Մենք չենք ուզում տնտեսական ճգնաժամի արդյունքների համար մեր գրպանից վճարել: Աշխատողները ուղղակի այլ ելք չունենք: Մենք տեսնում ենք, որ կառավարության տնտեսական կրճատումների քաղաքականությունը օգտակար չգտնվեց նույն Հունաստանի պարագայում: Հունաստանի պարտքը այդ կրճատումների հետևանքով հենց ավելի մեծացավ»:

«Հունաստանում գործազրկությունը 50 տոկոս է կազմում, Իսպանիայում երիտասարդները աշխատանք չունեն, փախչում են: Երիտասարդների համար մեծացել է կորսված սերունդ դառնալու վտանգը»:

Մի քանի հարյուր ցուցարարներ Եվրահանձնաժողովի շենքի մոտ պահանջում էին  մեծացնել ԵՄ բյուջեն և կասեցնել աշխատավարձերի հավանական նվազեցումը։ «Ոչ կրճատումներին», «Եվրոպան կառավարում են գայլերը, տնօրինում՝ խոզերը» ցուցանակներով կարմիր, կանաչ, կապույտ համազգեստներով եվրոպացիները երեկ միավորվել էին մի գաղափարի շուրջ:

«Այս ամենը կարելի է նկարագրել մեկ բառով` խայտառակ ձախողում: Մինչ այդ նրանք ասում էին` ձախողելու համար շատ մեծ ենք, հիմա էլ ասում են` շատ մեծ ենք ձախողումը հաղթահարելու համար: Եվ խնդիրն այն է, որ եթե մենք շարունակենք հանդուրժել սա, ԵՄ բոլոր անդամ երկրներում մարդկանց կյանքի պայմանները գնալով վատանալու են»,- ասում էր մի ցուցարար:

Ի նշան բողոքի` Բելգիայի մի շարք ինչպես միջպետական, այնպես էլ միջազգային գնացքներ երեկ չեն աշխատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս