Գործարք իշխանության և պաշտոնական ընդդիմության միջև

«Խորհրդարանական համակարգի պայմաններում ևս կարող է լինել բռնապետություն: Մեր աչքի առջև այս տարի մայիսի 6-ին տեղի ունեցած, այսպես կոչված, խորհրդարանական ընտրությունները ասվածի վառ ապացույցն էին»,- մեզ հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը` անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու առաջարկին:

Նրա խոսքով՝ այս պայմաններում կառավարման այս կամ այն համակարգի ընտրությունը հարցի լուծում չէ: Ըստ Ժ. Սէֆիլյանի, խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը ծնվել է իշխող վարչախումբը, սակայն ասպարեզ է նետել պաշտոնական ընդդիմության միջոցով, և գաղափարի արծարծումը պետք է գնահատել` որպես վարչախմբի և պաշտոնական ընդդիմության միջև գործարքի դրսևորում:

«Այդ գործարքի մեջ յուրաքանչյուրն իր շահերն ու դրանք արտահայտող նպատակներ ունի: Վարչախումբը, առաջին հերթին` դրա առաջնորդը, փորձում է այս փուլում ժողովրդավարացման իմիտացիա սարքել, իսկ, այսպես կոչված, նախագահական ընտրություններից հետո ժողովրդավարացման քողի տակ սահմանադրական փոփոխություններ կատարել ու խորհրդարանական կառավարման միջոցով ավելի կոնսոլիդացված իշխանական համակարգ ձևավորել և դրանով իսկ վերջնական ավարտին հասցնել ժողովրդի ստրկացումը:

Իսկ ընդդիմությունը փորձում է այդկերպ կենսունակ պահել իրեն սնուցող քաղաքական միջավայրը և մարդկանց թյուրիմացության մեջ գցելու միջոցով որոշակի թվով համախոհներ գրավել ու ավելի մեծ պատառ պոկել իշխանության բլիթից»,- ասաց Ժ. Սէֆիլյանը:

Ժիրայր Սէֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այսօրվա «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս