Իմիտացիա` այն, ինչով զբաղվում է խորհրդարանական ընդդիմությունը
Երեկ խորհրդարանում կայացավ «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված մի որոշման նախագծի քվեարկությունը, որը կոչվում է, «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ»:
Այս նախագծի ընդունմանը սկզբունքորեն կողմ էին չորս խմբակցություններն էլ, և դեմ էր իշխանությունը, որը չի ցանկանում, որ խորհրդարանը սեփական հակակոռուպցիոն հանձնաժողով ունենա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպես այս հանձնաժողովի ստեղծման այլընտրանք` առաջարկեց, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները մասնակցեն կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներին:
Տպավորություն ստեղծվեց, որ ոչ թե կառավարությունն է հաշվետու խորհրդարանի առաջ, այլ ճիշտ հակառակը. կառավարությունն է վերահսկում խորհրդարանի գործունեությունը: Երեկվա քվեարկության ժամանակ նույնիսկ ՀՀԿ խմբակցության անդամներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Շուշան Պետրոսյանը կողմ քվեարկեցին այս նախագծին, կողմ քվեարկեցին նաև ՕԵԿ անդամներ Հովհաննես Մարգարյանը և Իշխան Խաչատրյանը: Հնարավոր է` այն պատճառով, որ նրանք սովոր են միայն կողմ քվեարկել:
Բայց զավեշտալին այն է, որ եթե ՕԵԿ և ՀՀԿ ներկայացուցիչները կարող են կողմ քվեարկել «Ժառանգության» ներկայացրած օրինագծին, այն դեպքում, երբ կառավարությունը դեմ է դրան, ապա օրինագծին կողմ հանդես եկեղ խմբակցությունների ոչ բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին այդ նախագծին:
Հենց դրա արդյունքում օրինագիծը ստացավ 41 կողմ ձայն, այն դեպքում, որ ընդունվելու համար անհրաժեշտ էր 52 կողմ:
Ինչո՞ւ այս չորս խմբակցությունները ՀՀԿ և ՕԵԿ աջակցության դեպքում անգամ չկարողացան ստանալ այդքան կողմ ձայներ: Սկսենք նրանից, որ ԲՀԿ-ական երեք պատգամավորներ` Մելիք Մանուկյանը, Հայկ Խաչատրյանը և Բազմասեր Առաքելյանը, գրանցված լինելով` չէին քվեարկել, այսինքն` բոյկոտել էին քվեարկությունը, թեև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագածին:
Եվս 8 ԲՀԿ-ականներ ընդհանրապես բացակայում էին նիստից, այդ թվում և` ԲՀԿ խմբակցության ղեկավարը, ով ընդհանրապես նիստերի չի գալիս, դրանով օրինակ ծառայելով այլ պատգամավորների համար: Բացակայողների թվում էին Արշակ Մխիթարյանը, Աբրահամ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը, Մուրադ Գուլոյանը և Գուրգեն Արսենյանը: Հասկանալի է, որ եթե Ծառուկյանը ներկայանա ԱԺ նիստերին, ապա մնացած բացակայողները պարտաճանաչորեն ներկա կգտնվեն, քանի որ Ծառուկյանը կարող է հարցնել, թե ինչու են նրանք պատգամավոր ընտրվել, եթե նիստերին չեն գալու: Հիմա նա նման բան չի կարող հարցնել:
Երեկվա նիստից բացակայում էին նաև «Ժառանգություն» խմբակցության ֆորմալ անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանը և Ստեփան Դեմիրճյանը, ում բացակայության պատճառը հայտնի է և հարգելի:
Հնարավոր է, որ այս մարդիկ բոլորն էլ բացակայել են խիստ հարգելի պատճառներով, զբաղված են եղել ավելի կարևոր գործով` քան հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումն է: Հնարավոր է նաև, որ նրանցից ոմանք զգուշացել են, որ այդ հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ոչ միայն ՀՀԿ-ականների, այլ նաև ԲՀԿ-ականների գործունեությունը, որտեղ ևս հնարավոր են կոռուպցիոն դրսևորումներ:
Պատճառաբանությունները կարող են բազմաթիվ լինել. բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Եթե խորհրդարանական չորս խմբակցությունները ցանկանան, ապա կարող են անցկացնել իրենց համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցեր: Իսկ եթե նման ցանկություն չկա և կա ընդամենը իմիտացիայի խնդիր, որ իրենք ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, բայց իշխանությունը չի թողնում, ապա դա լրիվ այլ հարց է. իմիտացիայի հարցն իսկապես փառահեղ լուծվեց:
Նույնկերպ խորհրդարանը մերժեց «Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի սպանությունը հետաքննելու համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Այս նախագիծը ստացավ ավելի քիչ կողմ ձայներ`37, որովհետև ՀՀԿ և ՕԵԿ անդամ պատգամավորներն այս դեպքում դեմ էին քվեարկել: Նրանք երևի մտածեցին, որ եթե նախագծերին պաշտոնապես կողմ արտահայտվողներն են բոյկոտում քվեարկությունը, իրենք ինչո՞ւ պետք է կողմ քվեարկեն:
«168 Ժամ»