Ռոբերտ Քոչարյանը մտնում է խաղի մեջ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ այսօր 2rd.am կայքին տված հարցազրույցով, ըստ էության, ազդարարել է իր մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին: Խոսքն առայժմ ոչ թե ուղղակի` որպես թեկնածու առաջադրվելու ձևով մասնակցության, այլ նախագահական ընտրությունները կանխորոշող գործընթացներին իր մասնակցության հայտի մասին է:
Իրականում այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն ասել է համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարման վերաբերյալ, ոչ թե հերքում է կարծիքը, որ ինքն է կանգնած ԲՀԿ-ի այդ նախաձեռնության հետևում, այլ հակառակը` որոշակի իմաստով հաստատում է դա: Ընդ որում, Քոչարյանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ չնայած ինքը` որպես «հարցազրույցի դրդապատճառ», ներկայացրել է իր առնչությունը հերքելու ցանկությունը, սակայն իրականում արել է ամեն ինչ` «բովանդակային առումով» իր ներկայությունն ու մասնակցությունն այդ նախաձեռնության մեջ շեշտելու համար:
Քոչարյանի արտահայտած հիմնական միտքը հետևյալն է. եթե ես ցանկանայի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ և խորհրդարանական կառավարման մոդել, ապա դա կիրականացնեի 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ:
Իհարկե, Քոչարյանը գուցե ենթագիտակցորեն ցանկացել է հերթական անգամ շեշտել իր ամենակարողությունը պաշտոնավարման տարիներին` «եթե ուզենայի՝ կանեի»: Բայց դա, կարծես, նրա հիմնական նպատակը չէ: Իրականում Ռոբերտ Քոչարյանն այդ հարցազրույցում տարբեր ձևակերպումներով անուղղակիորեն իր դրական վերաբերմունքն է արտահայտել թե համամասնական ընտրակարգի, թե խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ:
Այսինքն`«հերքման» պատրվակով Ռոբերտ Քոչարյանն ակնարկել է, որ ինքը ոչ միայն կիսում է ԲՀԿ-ի այդ գաղափարը, այլև դրա իրականացման դեպքում դեմ չի լինի շատ որոշակի դերակատարություն ստանձնել: Եթե շարժվենք իրադարձությունների ժամանակագրությամբ, ապա ստացվում է հետևյալ պատկերը:
ԲՀԿ-ն հանդես է գալիս համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարման անցնելու նախաձեռնությամբ` դա ներկայացնելով որպես նախագահական ընտրություններից առաջ «համախմբման պլատֆորմ», այդ հարցով կոնսուլտացիաներ է անում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնում է այդ նախաձեռնության գաղափարների նկատմամբ իր դրական վերաբերմունքի մասին: Ավելի պարզ ասած` Քոչարյանն ակնարկում է` «դուք համախմբվեք, ես կգամ, հետո էլ կերաշխավորեմ, որպեսզի բոլորդ արդարաբար մասնաբաժին ստանաք խորհրդարանական կառավարման իշխանության մեջ»:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքական ն ներկայիս զարգացումներում ակտիվ ներգրավվածության մասին իրազեկում: Ու, այդ առումով, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ուղղված է և Սերժ Սարգսյանին ու իշխանական համակարգին, և ներկայումս Քոչարյանի համակարգած ԲՀԿ-ի հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցող ՀԱԿ-ին: ՀԱԿ-ի ներկայացուցիչները` մինչև վերջերս ԲՀԿ-ին ուղղված իրենց ներբողներում ամեն ինչ անում էին Քոչարյանին ԲՀԿ-ից տարանջատելու համար:
Ցանկացած անգամ ԲՀԿ-ի հետ համագործակցության համատեքստում Քոչարյանի առկայության վերաբերյալ դիտարկումներին ի պատասխան՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, թե «Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ զրո է», «Քոչարյանը քաղաքական դիակ է», «նման անունով քաղաքական գործիչ այլևս չկա»:
Իհարկե, դա չխանգարեց, որ, օրինակ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատրաստակամություն հայտնի ստանձնել Սերժ Սարգսյանի հնարավոր ոտնձգություններից Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի պաշտպանության գործը: Այսօրվա հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ-ից, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանից պահանջում է դիրքորոշում հայտնել նաև իր՝ քաղաքականության մեջ լինելու վերաբերյալ:
Այսինքն, Քոչարյանը ՀԱԿ-ին ստիպում է ավելի հստակ արտահայտվել իր վերաբերյալ` գուցե դրանով պայմանավորելով նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության շարունակությունը: Քոչարյանը ՀԱԿ-ից դրա համար պահանջում է ճանաչել նաև իր քաղաքական լեգիտիմությունը, ինչպես ՀԱԿ-ը վարվեց նրա` ֆինանսական կարողություններ ունենալու իրավունքի լեգիտիմացման դեպքում:
Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը ոչ միայն և ոչ այնքան՝ կարճաժամկետ վերադարձի, որքան նրա հեռանկարային ծրագրերի մասին է: Քոչարյանը գուցե հրաժարվել է առաջիկա նախագահական ընտրություններում ուղղակի մասնակցություն ունենալու մտադրությունից, սակայն ակնհայտ է, որ ինտենսիվ աշխատում է հետընտրական շրջանի ուղղությամբ:
Քոչարյանն ակնարկում է, որ, եթե անգամ Սերժ Սարգսյանը վերընտրվեց, ինքը քաղաքականության մեջ դառնալու է ակտիվ խաղացող և պայքարելու է արդեն ոչ միայն՝ ԲՀԿ-ով ու ՀՅԴ-ով, այլև՝ ՀԱԿ-ով:
Ի դեպ, Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին վկայում են նաև որոշ «տեխնիկական դետալներ»: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա գրեթե միշտ հարցազրույց էր տալիս միայն Mediamax գործակալությանը: Այս հարցազրույցը, սակայն, տվել է 2rd.am կայքին, որը հիմնադրվել է նրա վերադարձը քարոզելու նպատակով: