
«ԱՊՀ տարածքում ամենաշատ նորարարական գաղափարները Հայաստանում են». Ջոն Հեֆերն

ԱՄՆ Կոնգրեսի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ ԱՊՀ տարածքում 1 անձի հաշվարկով ամենաշատ նորարարական գաղափարները և պատենտները Հայաստանում են:
Այս մասին այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողների պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ դեսպանի՝ Հայաստանում գաղափարի խնդիրներ չկան, այստեղ մարդիկ ստեղծագործ մտածելակերպ և նորարարական գաղափարներ ունեն, այլ է երկրորդ փուլը՝ դրանք կյանքի կոչելու հարցը: «Այսօր յուրաքանչյուրն իր գրադարանում կամ գրառումների մեջ բազմաթիվ նորարարական գաղափարներ կարող է գտնել, սակայն դրանցից քչերն են իրականանում՝ արդյունքում ստեղծելով նոր աշխատատեղեր»,- ասաց Ջ. Հեֆերնը՝ նշելով, որ արդյունքի համար անհրաժեշտ է աշխատասիրություն և հավատ, որ անպայման արդյունքի ես հասնելու:
Նշենք, որ այս տարի Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Հայաստանի ստարտափների առաջնությունը՝ Armenia StartUp Cup-ը, տես՝ նախորդ նյութը: