Հայաստանում SIM-քարտը փոխարինվի՞ բջջային ID քարտով
Ներկայումս բանակցություններ են տարվում հայաստանյան բջջային երեք օպերատորների հետ՝ բջջային նույնականացման (ID) քարտերի կիրառման հնարավորությունների վերաբերյալ: Այդ քարտերն իրենց մեջ կներառեն նաև էլեկտրոնային ստորագրությունը:
Այդպիսով՝ բջջային նույնականացման քարտերի միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային միջավայրում ցանկացած գործարք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով՝ առանց էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված համապատասխան համակարգչի, համապատասխան ծրագրի կամ կարդացող սարքի (քարտ ռիդեր): Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ղեկավար Արթուր Ղուլյանը:
Նշենք, որ ընդհանրապես նույնականացման քարտերը կիրառելու համար անհրաժեշտ է ընկերություններում կարդացող և այլ սարքեր տեղադրել, սակայն բջջային նույնականացման քարտից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը բջջային սիմ քարտը փոխարինել բջջային նույնականացման քարտով, և այլևս անրաժեշտ չի լինի ունենալ համակարգիչ, էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարք, և այլն, իսկ գործարքները հնարավոր կլինի կատարել հենց բջջայինով:
Ըստ Ա. Ղուլյանի՝ բջջային օպերատորները միանշանակ հետաքրքրված են այդ առաջարկով, սակայն արդյունքների մասին լավ կլինի խոսել բանակցություններն ավարտելուց հետո միայն:
Հարցին, թե այսօր որոշ ընկերություններ արդեն իսկ առաջարկում են էլեկտրոնային միջավայրում բջջայինով գործարքներ իրականացնելու հնարավորություն, այս պարագայում որքանո՞վ է պահանջված Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի նշյալ առաջարկը, Ա. Ղուլյանը պատասխանեց. «Իհարկե, կան տարբեր լուծումներ, սակայն այս պարագայում բջջային նույնականացման քարտով կարելի է տարատեսակ գործարքներ իրականացնել:
Բացի այդ, այդ գործարքների և տվյալների իսկությունը, առավելագույն ապահով և ճկուն նույնականացման գործընթացն ապահովվելու է հավաստագրման կենտրոնը, որը թվային ստորագրությունների և թվային հավաստագրերի գործընթացը կազմակերպող ենթակառույցն է»: