Հրանտ Բագրատյանն այլևս չի համալրում իր հավաքածուն (տեսանյութ և լուսանկարներ)
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը տարբեր հոբբիներ ունի:
Երաժշտությունը նա համարում է իր երկրորդ մասնագիտությունը, թեև երաժշտական կրթություն չունի: Նա ժամանակին՝ ասպիրանտուրայում սովորելու ընթացքում, կիթառ էր նվագում Հ. Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում և այդպիսով նաև գումար էր վաստակում: Բլյուզ է նվագում՝ գեղեցիկ կոմպոզիցիաներ ստեղծելով:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հատկապես Հայաստանի վարչապետ եղած ժամանակ՝ 1993-1996թթ., ժամանակի սղության պատճառով՝ ստիպված թողել է երաժշտությունը: Վերջին տարիների ընթացքում նա կրկին սկսել էր զբաղվել երաժշտությամբ:
Նա ոչ միայն պարզապես կատարում է, այլև ստեղծագործում է: Ունի մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ, որոնք ցանկանում է օրերից մի օր մեկ ալբոմով թողարկել: Անցյալ տարի Youtube-ում տեղադրվեցին նրա հոլովակներից երեքը, որոնցում նա նվագում է իր ստեղծագործություններից երկուսը և կատարում Ջ. Գերշվինի «Porgy and Bess» աշխարհառչակ օպերայի «Summertime»-ը (տես՝ այստեղ) և «Midnight Blues»-ը:
Հրանտ Բագրատյանը չափազանց հետաքրքիր անձնավորություն է: Խոշոր տնտեսագետն ունի բազմաթիվ հետաքրքրություններ. նա ոչ միայն հետևում է աշխարհի տնտեսական զարգացումներին և առաջարկում բարեփոխումների իր մեխանիզմները, տնտեսագիտության ոլորտում իր նոր տեսությունները, այլև ուսումնասիրում է պատմությունը, այդ թվում՝ հայոց պատմությունը և հայ եկեղեցու պատմությունը: Սիրում է բիլյարդ և շախմատ խաղալ, լողալ: Հրանտ Բագրատյանը նաև հավաքածու ունի. երկար տարիներ նա ալկոհոլային խմիչքների փոքրիկ շշերի հավաքածու է կազմել:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն քանի տարի է՝ այլևս չի հավաքում: Ժամանակին ունեցել է փոքրիկ շշերով ավելի քան 5000 խմիչքների հսկայական հավաքածու. «Մոտ 40.000 դոլարի խմիչքներ կային հավաքածուիս մեջ, հիմա այլևս չեմ հավաքում, մեծ մասը տվեցի ընկերներիս, հետո տղաս չթողեց բաժանեմ: Պահպանության խնդիր կար, ալկոհոլը ցնդում էր, քանի որ զմռսված չէին շշերը: Հազվագյուտ խմիչքներ ունեի՝ շատ հազվագյուտ «Hennessy», և այլն: Մի անգամ նույնիսկ զայրացած՝ ջարդել էի այդ խմիչքներից մի քանիսը… Ժամանակին նաև դրամանիշեր էի հավաքում»: Այս պահին Հ. Բագրատյանն իր հավաքածուի մեջ ունի ընդամենը 300 շիշ:
Լուսանկարները՝ 168.am-ի և Մեդիամաքսի