Պատերազմի վտանգը` որպես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի փրկօղակ
Հայաստանյան բոլոր ընտրություններից առաջ` «բարի ավանդույթի» նման, պատերազմի վերսկսման թեման ակտիվանում է: Դա արդեն նորություն չէ և որևէ մեկին չի զարմացնում: Այս ընտրությունները ևս բացառություն չեն: Վերջին օրերին հիմնականում ՀՀԿ-ական գործիչները կրկին խոսում են պատերազմի վերսկսման հնարավորության մասին` դա հակադրելով խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու առաջարկներին:
Իմաստն այն է, թե կիսապատերազմական երկրում, երբ պատերազմը կարող է ամեն պահի վերսկսվել, խորհրդարանական կառավարումն անթույլատրելի է, անհրաժեշտ է գերագույն գլխավոր հրամանատար, որի դերում հանդես է գալիս հանրապետության նախագահը: Բնականաբար, եթե չլիներ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու ԲՀԿ-ի առաջարկը, ՀՀԿ-ականները մեկ այլ համատեքստ կգտնեին` հիշեցնելու պատերազմի վերսկսման վտանգի մասին:
Օրինակ, ՀՀԿ և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի անդրադարձել խորհրդարանական կառավարմանը կամ մեկ այլ թեմայի, սակայն օրեր առաջ «Wall Steet Journal» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար:
Մի խոսքով, ինչպես յուրաքանչյուր ընտրությունից առաջ, այս անգամ ևս իշխանական վերնախավը սկսել է հիշել ու հիշեցնել պատերազմի վերսկսման հավանականության մասին: Սակայն այս անգամ իշխանությունների դրդապատճառները կարող են տարբերվել նախորդ ընտրություններից առաջ նրանց «հիշողության թարմացման» դրդապատճառներից: Նախկինում իշխանությունները պատերազմի վերսկսման վտանգի մասին հիշեցնում էին առավելապես ընդդիմությանը լռեցնելու, ընդդիմության քննադատությունը` որպես թշնամիների ջրաղացին ջուր լցնելու դավաճանական քայլ որակելու համար:
Իշխանական այդ էժանագին քարոզչության իմաստն այն էր, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ու իշխանությունն օր ու գիշեր պաշտպանում է սահմանները, ընդդիմադիրները զբաղված են արտաքին աշխարհի առաջ նույն իշխանություններին սևացնելով, ուստի նրանց արածը պետական դավաճանությանը հավասար բան է: Հիմա կարծես իշխանությունը նման դրդապատճառ չունի: Ոչ թե այն պատճառով, որ ավելի քաղաքակիրթ է դարձել և դիմանում է նման էժանագին քարոզչության գայթակղությանը, այլ որովհետև հիմա չկա ընդդիմադիր այնպիսի ուժ, որի քննադատության մեջ իշխանությունը վտանգ է տեսնում: Հետևաբար՝ չկա նաև ինչ-որ մեկին կամ մի քանիսին «դավաճան» հռչակելու անհրաժեշտությունը:
Պատերազմի մասին հիշեցումներով հիմա իշխանությունն, ըստ ամենայնի, այլ նպատակ է հետապնդում և գուցե այդպիսով ցանկանում է օգնել երբեմնի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանին»: Վերջինս ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը 2011 թվականի փետրվարին ՀՀԿ-ի հետ բավական սրված հարաբերություններ ունեին, և փոխադարձ քննադատության պայմաններում նա ստորագրեց կոալիցիոն հուշագիրը, որում ամրագրվեց նաև 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու դրույթը:
Այն ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր այդ քայլը պայմանավորեց «երկրի առջև ծառացած մարտահրավերներին միասնաբար դիմակայելու» անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ այդ օրերին ևս ակտիվացել էին սահմանային փոխհրաձգությունները, ու ՀՀԿ-ականները կրկին հիշեցնում էին պատերազմի վերսկսման հավանականության մասին: Հիմա ՀՀԿ-ին անհրաժեշտ է ԲՀԿ-ի ու Ծառուկյանի ավելի գործնական սատարումը: Գուցե դա անհրաժեշտ է նաև Ծառուկյանին:
Սակայն դրա համար պետք է քիչ թե շատ արժանահավատ հիմնավորում ներկայացնել: Եվ պատերազմի վերսկսման վտանգը կարող է լավագույնս ծառայել այդ նպատակին: Բացառված չէ անգամ, որ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ակտիվանան փոխհրաձգությունները:
Քաղաքականության մեջ, հատկապես ընտրություններից առաջ, ամեն ինչ հնարավոր է: Հատկապես Հայաստանում, որտեղ քաղաքականությունն ու բարոյականությունը իրարից հեռու են այնքան, որքան սահմանում կանգնած զինվորը` ներքաղաքական հարաբերություններից ու առևտրից: Եթե Սերժ Սարգսյանին իսկապես պետք է ԲՀԿ-ի սատարումը, իսկ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, որ պետք է, ապա պատերազմի վերսկսման վտանգն իրական կդառնա այնքան, որքան անհրաժեշտ է` ԲՀԿ-ին «արտաքին մարտահրավերների դեմ համախմբելու համար»:
Հ. Գ. Այն, որ իշխանությունն այս ընտրությունների ժամանակ ևս զերծ չի մնալու «պատերազմի թեման» օգտագործելուց, պարզ դարձավ նաև «հայկական Գելափի» անցկացրած վերջին հարցումներից, որոնցում ներառված էր նաև «Ո՞ւմ շուրջը կհամախմբվեք, եթե առաջիկայում պատերազմը վերսկսվի» հարցը:
Տվյալ դեպքում էականն այն չէ, որ, «բնականաբար», հարցվածների մեծամասնությունը մեկ մարդու նման Սերժ Սարգսյանի շուրջը համախմբվելու «պատրաստակամություն» էր հայտնել: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է իշխանությունն այդ հարցը դիտարկում՝ որպես ընտրությունների ընթացքը կանխորոշող գործոն: Ընդ որում, ասվածը վերաբերում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին:
Ադրբեջանում ևս՝ հաջորդ տարի հոկտեմբերին, կայանալու են նախագահական ընտրություններ, ու որևէ ներքին վտանգի դեպքում Իլհամ Ալիևի համար ևս ձեռնտու կլինի պատերազմի վերսկսման սպառնալիքը: Գուցե՝ տարօրինակ, անգամ՝ ոչ հաճելի է հնչում, սակայն փաստ է, որ պատերազմը կարող է փրկօղակ դառնալ իշխանության համար` ընտրությունների ընթացքը վերահսկելի դարձնելու նպատակով: Այս հարցում, ի դեպ, հակամարտող երկրների իշխանությունների շահերը համընկնում են: