Լավ կլիներ` ասեին, թե այդ որ փորձն է իրենց համար ընդունելի
Պարզվում է, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքը բավական բարձր է գնահատվում ու ուսանելի է համարվում ԱՊՀ երկրների կողմից:
Մասնավորապես, ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը Հայաստանի մրցակցային մարմնի ցուցանիշներն ու ձեռքբերումները համարում է տպավորիչ և ուսանելի, իսկ Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Վասիլի Ցուշկոյի համար էլ «Հայաստանի հաջողված փորձը հիմք կհանդիսանա նման լայնածավալ ուսումնասիրություն սկսելու նաև Ուկրաինայում»:
Այս գնահատականները հնչել են նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա է եղեղ նաև խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության կառույցի և դրա գործունեության արդյունքների վերաբերյալ հնչած այս գնահատականների շուրջ «168 Ժամը» զրուցեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ։ «Ավելի լավ կլիներ` իրենք ասեին, թե այդ որ փորձն է ընդունելի, ընկալելի, երևի թե իրենց դուր է գալիս այն, որ առանձին ապրանքատեսակների գծով Հայաստանում մեկ, երկու, երեք խոշոր ընկերություններ են զբաղվում և դրանով ավելի հեշտ է երկրի կենտրոնացված կառավարումն իրականացնել: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոչ թե մրցակցային դաշտ է ապահովել Հայաստանի համար, այլ հակառակը` վերցրել է ավելի կենտրոնացված մրցակցություն և մրցակցություն հասկացողությունը վերացրել»:
Ըստ Վ.Խաչատրյանի, Հայաստանում մրցակցությունը ոչ թե շուկայում է, այլ կառավարության ներկայացուցիչների կամ երկրի ղեկավարի աշխատասենյակում: «Եթե իրենց այդ տեսակ մրցակցությունն է բավարարում` խնդրեմ: Մանավանդ, եթե Ուկրաինայի նման երկիրն է նմանատիպ կարծիք հայտնում, որտեղ ահռելի մեծ շուկա է, որտեղ կենտրոնացվածության կարիք կա, որն էլ ընդունելի չէ ոչ ինձ, ոչ էլ մեր երկրի համար: Դրա փոխարեն` իրենք ավելի լավ կլիներ ուսումնասիրեին մրցունակության համաշխարհային ինդեքսի զեկույցը: Խոսքը վերաբերում է այն զեկույցին, որտեղ հստակորեն նշված է Հայաստանի մրցունակությանը խանգարող երկու կարևոր հանգամանք, մասնավորապես այն, որ Հայաստանը տնտեսական մրցունակության զգոնության հարցում 130-րդ տեղում է գտնվում 144 երկրների ցանկում, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մեջ 116-րդ տեղում է: Եթե սա բավարար է կարծիք հայտնող երկրներին, իրենցից էլ մեկնաբանություն խնդրեք»,- մեզ հետ զրույցում ասաց Վ.Խաչատրյանը:
Նույն հարցի վերաբերյալ Հայաստանի Գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում վերջին ամիսներին ՏՄՊՊՀ-ն բավական ակտիվ է աշխատում, որն էլ պայմանավորված է երկու-երեք հիմնական գործոններով: «Առաջին գործոնն այն է, որ հանձնաժողովը որոշակիորեն սկսեց այդ վիճակին ավելի լավ տիրապետել, ինչն էլ իր հերթին` հանձնաժողովին կից ձևավորված պետական-մասնավոր հատված խորհրդով է պայմանավորված (որտեղ մասնակցում են նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները): Ստացվում է` մասնավոր սեկտորի առաջարկները տիրապետվում են ՏՄՊՊՀ-ի կողմից: Երկրորդ գործոնն այն է, որ իրենք լավացրել են տեղեկություններ հավաքելու իրենց տեխնոլոգիաները: Նախկինում իրենք տեղեկատվությունը ուշ էին ստանում, իսկ դա բավական լուրջ խնդիր է նմանօրինակ գերատեսչության համար: Իսկ երրորդն էլ այն է, որ հանձնաժողովը սկսել է համագործակցել պետական մարմինների հետ»,- ասաց Գ.Մակարյանը: Վերջինիս համոզմամբ, հաճախ պետական մարմինները միմյանց հետ չեն համագործակցում, այսինքն` իրենց ներսում տեղեկատվության փոխանակման առումով չկան համապատասխան տեխնոլոգիաներ: Ըստ նրա, կարևոր է նաև այն հանգամանքը, որ արդեն «դանակը ոսկորին էր հասել», և անհավասար մրցակությունն ու կոռուպցիան այնքան էին միմյանց շաղկապվել, որ արդեն չգիտեին` որն է որի ստեղծման պատճառը: «Անհավասար մրցակցության մեջ միշտ էլ կարևորել ենք այդ հանձնաժողովի դերը, ու ես համարում եմ, որ Արտակ Շաբոյանը և իր թիմը մի շարք հարցերին բավականին սկզբունքային մոտեցում են ցուցաբերում»,- նշեց Մակարյանը: