Անհամամասնության մեխանիկան
Մի քանի օր առաջ հրապարակվեցին մարդահամարի նախնական տվյալները: Պարզվեց, որ բնակչության թվաքանակի նվազման տեմպերը մարզերում ավելի բարձր են, քան մայրաքաղաքում: Ասել, որ սա անսպասելի էր՝ չափազանցություն կլինի: Այդ մասին և ժողովրդագիրներն էին գրում, և ազգագրագետները:
Բայց մեր իշխանությունների վերաբերմունքը գիտության ու գիտնականների նկատմամբ գաղտնիք չէ: Արդեն համարյա տասը տարի խոսվում է այն մասին, որ գիտության ֆինանսավորման ծավալը հարկավոր է ամրագրել օրենքով: Այդ դեպքում գիտության նկատմամբ իշխանությունների գոնե ֆինանսական վերաբերմունքը կախված չի լինի տվյալ պահին պաշտոնավարող վարչապետից ու կառավարության մյուս անդամներից: Ժամանակին, երբ այս հարցը քննարկվում էր, մեր գիտության պաշտոնական դեմքերը այլ երկրների օրինակներ էին բերում:
Բերում ու խոսում էին այն մասին, որ «իրեն հարգող երկրում» գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով: Այդ տարին նախընտրական էր: Գիտության պաշտոնական ղեկավարներն իրենց սատարում-աջակցությունն էին առաջարկում վերընտրվող-գործող նախագահին: Ինչպես միշտ, սատարում ու ակնարկում էին, որ վերաբերմունք ու փող են ակնկալում: Եվ քանի որ տարին նախընտրական էր, վերընտրվող նախագահը ձևացրեց, որ ըմբռնումով է մոտենում գիտնականների ծպտուն-պահանջին: Հետո եղավ այն, ինչ որ պիտի լիներ:
Այսինքն՝ ոչինչ չեղավ: Հիմա էլ տարին նախընտրական է: Դրան գումարած` խորհրդարանում եկող տարվա բյուջեն են քննարկում: Կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում գիտության ֆինանսավորման տող, իհարկե, կա: Եվ կա, իհարկե, նախկին չափաբաժնի սահմանում՝ ՀՆԱ-ի քառորդ` 0.25 տոկոսի չափով: Նույնիսկ անուղղելի լավատեսը չի կարող ենթադրել, որ առաջիկայում այդ ցուցանիշը կփոփոխվի: Կարճ ասած, իշխանությունները կշարունակեն չհետաքրքրվել, թե ինչ են ուսումնասիրում մեր գիտնականները և ինչ փաստեր են արձանագրում: Ոչ բնագիտության, ոչ էլ անգամ ժողովրդագրության ոլորտում: Հնարավոր է, որ այսպես կառավարելն ավելի հեշտ է: Հնուց է հայտնի` «շատ գիտելիքի մեջ շատ վիշտ կա»:
Իսկ մեր իշխանություններին վշտակիր չես համարի: Մերոնք տեղեկատվության ապահովման սեփական համակարգ ունեն: Խոսքն Ազգային վիճակագրական ծառայության մասին է:
Ծառայություն, որ միշտ իշխանահաճո տվյալներ է հրապարակում: Հրապարակում ու տալիս է իշխանության բոլոր օղակներին՝ Ոստիկանությունից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ: Որպեսզի նրանք լրացուցիչ անգամ ևս համոզվեն իրենց կառավարման արդյունավետության մեջ: Տարիներ առաջ մեր Կենտրոնական բանկը հավանաբար չվստահեց Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներին:
Չվստահեց ու տնտեսական գործընթացի ուսումնասիրության սեփական կառույցը հիմնեց: Մազալու բան էր. Հայաստանի նման փոքր երկրում պետական փողերով երկու կառույց նույն գործն էին անում: Տվյալներ էին հավաքում տնտեսության իրական հատվածի, առևտրի, գնաճի, ծառայությունների ոլորտի մասին: Կառավարության հավաքագրած ու հաշվարկած տվյալները հրապարակվում էին:
ԿԲ-ինը՝ ոչ այնքան: Հավանաբար, որ պարզ քաղաքացին տարբերությունը չտեսներ, իսկ գիտնականը՝ չվերլուծեր դրանք: Եվ ահա երեկ հրապարակվեց, որ Հայաստանում գործող խոշոր բանկերից մեկը սեփական կառույց է ստեղծում՝ «տնտեսության տարբեր ոլորտի ամբողջական հետազոտությունների» նպատակով: Բանկերին վստահաբար հասանելի են և կառավարության, և ԿԲ-ի կողմից իրականացվող` երկրի տնտեսության ոլորտների ուսումնասիրությունները:
Հասանելի են, բայց, հավանաբար, վստահելի չեն: Այլապես դժվար կլինի բացատրել, թե ինչու է այդ բանկը ձեռնարկում այդքան թանկարժեք գործընթաց: Ուսումնասիրվելու են երկրի տնտեսության առանձին ոլորտների զարգացման հեռանկարները: Հետաքրքիր է նաև այն, որ այդ բանկը պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի մանրածախ առևտուրը: Ոլորտ, որի պաշտոնական տվյալներն արձանագրում են Հայաստանի տնտեսական կյանքի անհամամասնությունները:
Այդ տվյալներին ծանոթ չեղած մեկը դժվար թե հանդգնի ենթադրել, որ երկրի մանրածախ առևտրի 80 տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին: Այն դեպքում, երբ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության մեկ երրորդը: Կամ մի քիչ ավելին: Իսկ մանրածախ առևտուրը մեր գիտության պես պուճուր ֆինանսավորում ունեցող բան չկարծեք: Մանրածախ առևտրին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 13,5 տոկոսը:
Հետևաբար, դրա ճշգրիտ ուսումնասիրության արժքը թերագնահատել չի կարելի: Մանրածախ առևտրի հսկայական ծավալում կեսից ավելին բաժին է ընկնում սննդամթերքին:
Այս փաստն, իհարկե, ապացուցում է այն, որ երկրի բնակչությունն աղքատ է և տնօրինած գումարների մեծ մասն ուտելիքին է «տալիս»: Դրանում կարող եք համոզվել` ներմուծումների կառուցվածքն ուսումնասիրելով: Այս բոլոր ցուցանիշներն, իհարկե, համատեղելի չեն մեր պատգամավորների ու բարձրաստիճան չինովնիկների ունեցվածքների հայտարարագրին: Հասարակությունը դեռ ուշքի չի եկել միլիոնատեր պատգամավորների ցուցակի հրապարակման փաստից: Դեռ չեն հրապարակվել մյուս՝ զարգացած երկրների խորհրդարանների հանդեպ մեր գերազանցությունն արձանագրող վերլուծությունները՝ ասենք, պատգամավորների գլխաքանակին ընկնող միլիոնատերերի ցուցանիշը տարբեր երկրներում:
Դա հավանաբար կանեն թերֆինանսավորվող գիտնականները: Չարախնդալ պետք չէ: Մասնավոր բիզնեսը չի կարելի համեմատել պետական կառավարման հետ: Չի կարելի համեմատել, առաջին հերթին, արդյունավետության տեսանկյունից: Մասնավոր գործարարության ոլորտում մարդիկ իրենց ունեցվածքով են հատուցում անարդյունավետ քայլերի համար: Իսկ մեր իշխանություններից ոչ մեկը դրա համար պատասխանատվության չի կանչվել: Հետևաբար` նրանք դեռ երկար են շարունակելու: