Պարսկական ոչխարները բերվելու են հայկական արոտվայրե՞ր
Մոտ մեկ ամիս է` Սյունիքի մարզպետարանը գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով բանակցություններ է սկսել Իրանի Ատրպատականի մարզի հետ: Այս ծրագրի դիտարժան կետը, որ նաև սկսել է հուզել տեղի բնակիչներին` հայկական արոտավայրերի տրամադրումն է իրանական կողմի ոչխարներին:
Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե առայժմ որևէ համաձայնագիր չի կնքվել: Նրա խոսքով` մինչև պայմաններն ամբողջովին չճշտվեն, իրենք համաձայնագիր չեն կնքի: Ս. Թանգյանի փոխանցմամբ` 15-20 օր առաջ Իրանից պատվիրակություն էր գնացել Գորիս, որտեղ հանդիպում է եղել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
Առաջիկայում` ծրագրի կետերն ուսումնասիրելու համար, Իրան է մեկնելու նաև հայկական պատվիրակությունը: Հարցին, թե նախնական տվյալներով` մարզպետարանը քանի՞ հեկտար արոտավայր է տրամադրելու Իրանին, Ս. Թանգյանը պատասխանեց. «Այս պահին հեկտարով չենք կարող ասել, որովհետև պետք է պայմանները ճշտենք: Նաև նշեմ, որ հողատարածքը չի պատկանում մարզպետարանին: Դրանք հատկացվել են համայնքներին: Օրինակ, Բռնակոթի համայնքը պետք է գնահատի, թե տնտեսապես ինչքանո՞վ է շահավետ դա, այնուհետ այդչափով կնքի պայմանագիրը»:
Իսկ հարցին, թե արդեն կա՞ն նախատեսված տարածքներ, Ս. Թանգյանը պատասխանեց. «Արոտներ շատ ունենք, բայց հստակ որոշում չկա, թե ո՞ր արոտներն ենք տրամադրելու: Դա պետք է տրամադրվի համայնքի ղեկավարի համաձայնությամբ»:
Մեր դիտարկմանը, թե բնապահպանների փոխանցմամբ` ոչխարների արածեցման հետևանքով արոտավայրերին սպառնալու է անապատացման վտանգը, Ս. Թանգյանը պատասխանեց. «Ո՞վ է այդպիսի բան ասել: Հիմա մեր հայկական ոչխարները որտեղ արածում են, այդտեղ անապա՞տ է դառնում: Նման բան չկա: Մեր մարզում 85.000 գլուխ ոչխար կա, այսինքն` հիմա որտեղ արածեն, պետք է անապա՞տ դառնա, և այսօր պետք է չունենա՞նք կանաչ արոտ: Ո՞վ է ասել, որ ոչխարի արածեցման հետևանքով անապատ է առաջանում: Այդպիսի բան չկա, ամեն տարի մենք մեր ոչխարներն արածեցնում ենք, ամեն տարի այդ նույն բուսածածկն աճում է»:
168.am-ն այս հարցի մասին փորձեց որոշ տեղեկություններ ստանալ նաև մարզի ղեկավարից, ով, ինչպես ասացին մարզպետարանում, 10 օրով արձակուրդ է գնացել: