ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի հետ է, ոչ թե իշխանության
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անունից հայտարարություն է տարածվել, որտեղ անդրադարձ կա շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում ՍԴՀԿ հիմնադրման 125-ամյակին նվիրված պաշտոնական նիստին:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ անունից հանդես գալու համար այժմ ընթանում է դատական գործընթաց, որի մի կողմում ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն է, իսկ մյուս կողմում` Գևորգ Պերկուպեկյանը:
Գևորգ Պերկուպեկյանին որպես ՍԴՀԿ օրինական ներկայացուցիչ ճանաչում է ՍԴՀԿ համահնչակյան կառույցի ղեկավար Սեդրակ Աճեմյանը: Սակայն ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանում գրանցված և գործող կուսակցությունները չեն կարող ենթակա լինել կամ ղեկավարվել արտասահմանից: Այս հայտարարության հեղինակը Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Հնչյակյան կառույցն է:
Նոյեմբերի 3-ին, կառավարության նիստերի դահլիճում «մեծ շուքով» նշվում էր փառքի ճանապարհ անցած Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Մայր կուսակցության 125-ամյակը, որն անցկացվեց համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի «բարձր հովանու» ներքո:
Ցավով ենք նշում, որ Սեդրակ Աճեմյանի ներքաղաքական իրավիճակին «տրամաբանական» գնահատականը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցված համակրանքի խոսքերը տրամագծորեն հակասական էին, սակայն հուշումով, որ Սերժ Սարգսյանի առաջադրման պարագայում ՍԴՀԿ ն սատարելու է գործող նախագահին:
ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է.
1. Սեդրակ Աճեմյանի ելույթում իշխանությունների հացեին հնչեցված հաճոյախոսությունները ոչ մի կապ չունեն հրի ու սրի միջով անցած և միշտ ժողովրդի և պետականության շահերով առաջնորդվող Հնչակյանության հետ:
2. ՍԴՀԿ-ն շարունակում է մաս կազմել Հայ Ազգային Կոնգրեսի և ամբողջությամբ կիսում է իշխանություններին տրված ՀԱԿ-ի գնահատականները՝
ա) Հայաստանում իշխանությունը բռնազավթված է ապազգային ուժերի կողմից
բ ) երկրում ոտնահարված է ժողովրդի սահմանադրական իրավունքները
գ ) օրեցոր աճող արտագազթի, ժողովրդի ծանրագույն սոցիալական և հոգեբանական վիճակի, ինչպես նաև տնտեսության քայքայման պատասխանատվությունը ընկնում է կեղծված ընտրությունների արդյունքում իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վրա:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն Կենտրոնական Վարչություն
05.11.2012