«Լավ, մեռավ, էլ մի՛ խփեք». «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ պատմել է տուժող Արտակ Բայադյանը

Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց տուժող Արտակ Բայադյանը:

Ըստ նրա` հունիսի 17-ին իրենք` Վահե Ավետանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանն ու Էդգար Նիկոյանը նշել են Արկադիի ծննդյան օրը: Օրվա որոշ հատվածն, ըստ Արտակ Բայադյանի, անցկացրել են Արզնու ձորում, այնուհետև որոշել են գնալ «Հարսնաքար» ռեստորանային համալիր` ծննդյան արարողությունն այնտեղ շարունակելու համար:

«Երևի 9:30-ի սահմաններում արդեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում էինք: Սեղանին արդեն պատվիրած կար մրգի տեսականի և ջրեղեն: Սեղանի շուրջ նստեցինք բոլորս` վեց հոգով: Երևի մի հինգ րոպե անց Վահեն որոշեց դուրս գա, ասեց` գնամ ձեռքերս լվանամ, գամ: Գնաց, անցավ մոտ երևի թե 10 րոպե, նոր վերադարձավ` մի փոքր արդեն անտրամադիր: Ասեցինք` ի՞նչ ա պատահել, բա հագածս տաբատի հետ կապված խնդիրներ են առաջացել, չեն թողում մտնեմ ներս, ասում են` չի կարելի»:

Ըստ Արտակ Բայադյանի` դրանից հետո իրենք որոշել են դուրս գալ ռեստորանային համալիրից, բայց Վահե Ավետյանի առաջակով` իրենք մնացել են համալիրում, իսկ նա Արկադիի հետ գնացել է տուն` տաբատը փոխելու: «Մուտքի մոտից Արկադին և Վահեն գնացին տուն` տաբատը փոխելու, իսկ մյուսները վերադարձան սեղանի մոտ, ամեն մեկս նստեցինք մեր տեղը: Նշեմ, որ էդ մատուցողը, որ ի սկզբանե մեզ դիմավորեց, Դավիթն էր, այսինքն` ինչ-որ խոսակցություն Վահեի տաբատի հետ կապված, Դավիթն էր ասել: Նորից որ վերադարձանք, սրահ մտնելիս ավելի առաջ ընկած էին գնում Էդգարը և Գարիկը, մենք` մի փոքր ավելի հետ, նկատեցի` մինչև սեղանին մոտենալը, Էդգարը զրուցում ա մենեջեր Դավիթ կար, իր հետ, և կողքը կանգնած էր մի անձնավորություն, ինձնից մի փոքր ավելի կարճահասակ, մի քիչ ճաղատ գլխով, լավ թիկնեղ, նենց տպավորություն էր, ոնց որ պարանոց չունենար, գլուխը ուսերի վրա դրած լինեին, մի փոքր գեր:

Կարդացեք նաև

Ես մոտեցա` տեսնեմ` ինչ խնդիր է: Մոտեցա, էդ ժամանակ արդեն Էդգարը խոսում էր իմ նկարագրած անձնավորության հետ: Մոտեցա ու պարզեցի, որ ուրիշ խնդիր ա. ասեց` ինչ-որ ո՞վ է հայհոյել»,- դատարանում պատմում էր Ա. Բայադյանը` հավելելով, թե կարճ խոսակցությունից հետո իրենք հանգիստ նստել են ու որևէ ավելորդ լարվածություն չի զգացվել:

Ա. Բայադյանի խոսքով` մոտավորապես 20 րոպե անց Վահեն և Արկադին վերադարձել են: «Երևի տենց մի հինգ-տասը րոպե արդեն սկսել էինք մեր ուրախությունը շարունակել, սեղանին մոտեցավ մատուցող Դավիթը: Վահեն նստած էր իմ աջ կողմում, ես սեղանի գլխին էի նստած, Գարիկը` դեմ դիմաց, հակառակ կողմում:

Սկզբից թե ինչ խոսակցություն էր, չեմ հիշում, էն պահին ֆիքսվեցի, որ Վահեն հարցադրում կատարեց` բա կարո՞ղ ա (քմծիծաղ տալով մի փոքր) գլխարկով էլ չի կարելի, որ տաբատով էլ չի կարելի, ու Դավիթը մի քիչ ագրեսիվ, կտրուկ պատասխանեց. «Կարո՞ղ ա կայֆավատ ես ըլնում վրես»: Վահեն բա` չէ, չեմ եկել քո վրա կայֆավատ ըլնելու, եկել եմ ստե ժամանակ անցկացնելու: Հարց եմ տալի` էն ժամանակ ասեցիր` տաբատով չի կարելի, գլխարկով էլ չի կարելի՞: Բա` դո՛ւրս արի` ասեմ: Ու շարժվեց դեպի մուտքի կողմ, Վահեն` ժպիտով` տեսնեմ` ինչ ա ասում: Հանգիստ, առանց ինչ-որ լարվածության տեղից վեր կացավ, հետևից գնաց, Վահեին ընկերակցեց Արկադին:

Մոտավորապես երևի մեկ րոպե էր անցել, ես, Գարիկը իրանց ուղղությամբ իրանց հետևից գնացինք` մի տեսակ արդեն ոնց որ ներքին անհանգստությամբ, որ խնդիր չառաջանա տենց ագրեսիվ վերաբերմունքից հետո մատուցողի: Մոտեցանք այն պահին, երբ Վահեն կքանիստ վիճակում էր: Դեռևս չէի հասկանում` ինչ ա կատարվում: Վահեն կքանիստ վիճակում էր` ձեռքերով դեմքը բռնած: Որ մոտեցա, փորձում էր կքանիստ վիճակից վեր կենալ, առատորեն նկատեցի քթից արյուն ա հոսում:

Ձեռքով պահում էր քիթը: Ամբողջությամբ դեմքը և կրծքավանդակի վրա արյունը հոսում էր: Շտապ մոտեցա իրան` ի՞նչ ա եղել, ի՞նչ ա եղել, բավական նյարդայնացած էր, ոչինչ չպատասխանեց այդ պահին: Ու էդ պահին լսում եմ խոսակցություն, որ թիկնապահ Նորայրը նկատողություն ա անում մատուցող Դավիթին ու շատ կոպիտ, նույնիսկ հայհոյանքներով: Մենք ստեղ կանգնած` ինչե՞ր ես քեզ թույլ տալիս, ա՛յ տղա, նմանատիպ: Ասեց` ժողովո՛ւրդ ջան, եկեք էս կողմից գնանք դուրս, ամոթ ա, ստեղ ժողովուրդը նստած են, հես ա իրան կպատժենք:

Էդ պահից հասկացա, որ մատուցողը հարվածել ա Վահեին, բայց կոնկրետ ո՞նց, ինչպե՞ս` ինքս էդ պահին չեմ նկատել»,- շարունակում էր Ա. Բայադյանը:
Դրանից հետո, Արտակ Բայադյանի խոսքով` իրենք շարժվել են դեպի ավտոկայանատեղի: Ըստ նրա` Վահեն ու Էդգարն այդ ժամանակ գնացել էին զուգարան` Վահեի քթից արյունահոսությունը կանգնեցնելու նպատակով:

Ըստ Ա. Բայադյանի` անընդհատ խոսում էին հայհոյելու մասին, իրենց հարցնում էին, թե ո՞վ է հայհոյել, այն դեպքում, երբ, ըստ նրա` ոչ ոք նման բան չէր արել: «Ու այդ պահին հասկանում եմ, որ մատուցողի արարքի մասին ընդհանրապես խոսակցություն չի տարվում, լրիվ ուրիշ ուղղությամբ լրիվ ուրիշ խոսակցության են տանում, ու զգում եմ ագրեսիան իրանց կողմից: Էդ ընթացքում անընդհատ մեր շուրջը խմբավորվում են երևի մոտ մի 15-20 հոգի: Վահեն արդեն եկավ, միացավ մեզ` մի քիչ ավելի ձախ, Գարիկը` մի քիչ ավելի աջ: Էդ պահին արդեն Արտակին չէի տեսնում: Շրջապատել էին մեզ, ոնց որ շրջանի մեջ վերցրած լինեին: Հենց էդ բոլորի մեջ տեսել եմ Արմանին, Արմանին, մեկ էլ Արթուրին, բոլորն էլ ամրակազմ: Բացի նրանցից, մոտ մի տասը հոգի մինիմում շրջապատել են մեզ: Նույնիսկ որ հետ-հետ եմ գնում, հետևս էլ ա մարդ:

Միայն դիմացից չեն: Վահեենք եկան, միացան մեզ, երևի մի հինգ վայրկյան էլ չի անցել, ոչ խոսք, ոչ ուրիշ խոսակցություն: Էդ ընթացքում, որ ներկայացնում է, հայհոյելու մասին հարցեր էր տալիս, էդքանն ա եղել: Էդ ժամանակահատվածում հենց Վահեենք միացան, հայհոյեցին, ու միանգամից` հարվածներ: Զգացի, որ Վահեի ուղղությամբ ոնց որ հարվածները սկսեն: Ես մի քիչ հետ-հետ քաշվելով` ես ի՞նչ եք անում, ես ի՞նչ եք անում, միանգամից ծոծորակիս հարված ստացա, բայց վայր չընկա:

Դիմացից` միանգամից մի չորս-հինգ հատ հարված դեմքիս: Ոչ մի կերպ չէի կարողանում պահեմ: Փորձում էի պահել, բայց էնքան շատ էին հարվածները տարբեր կողմերից մարմնիս տարբեր մասերին, խառը, բայց հիմնականում դեմքիս էին հարվածում: Մոտ քառասուն վայրկյան տևեց էդ ամեն ինչը` էդ խժբժով, հետո հասկացա, որ վերնաշապիկս քաշեցին գլխիս վրայով, ու բռնած քաշում են, ոնց որ տեղից հեռացնեն մի փոքր հարվածներ տեղալով: Ընդհանրապես չէի կարողանում ոչ մի հարվածից պաշտպանվեմ, ու քարշ տալով, կոշիկներս արդեն հագիցս դուրս են եկել, էնքան էր մարմինս թուլացել, որ չէի կարող քայլել: Էդ ընթացքում, հայհոյանքներից բացի, էդ մի խոսքն ա տպավորվել` «լա՛վ, մեռավ, էլ մի՛ խփեք»: Մի քանի հարված, ու թողեցին: Թողեցին, ես վայր եմ ընկել»,- պատմում է Արտակ Բայադյանը:

Ըստ նրա` իրեն գիտակցության է բերել իր ընկեր Էդգարը: «Էդգարը նստացրեց, քթիցս առատորեն արյուն էր հոսում, գլուխս պտտվում էր, չէի կարողանում հասկանալ` ինչ ա կատարվում: Տեսա հագիս մայկա չկա, կոշիկներս հագս չեն: Էդգարը ասեց` ո՞նց ես, ո՞նց ես: Ասեցի` ոչինչ, տղերքի՛ն նայի: Էդգարը ինձ թողեց, մոտեցավ տղաներին: Ես նայեցի, կողքիս ընկած էր մայկաս: Վերցրեցի, փորձեցի քթիս դնեմ, քթիցս, շրթունքներիցս առատ արյուն էր գալիս, քիթս էլ դեֆորմացվել էր դեպի աջ կողմը: Մի փոքր փորձեցի ուղղել, ավելի ուժեղ արյունահոսություն սկսվեց:

Չորեքթաթ մոտեցա. վերցրեցի խաչս: Տեսա` ինձնից մի տասը մետր հեռավորության վրա Վահեն ա ընկած ու լսեցի Արկադիի ձայնը. Արտա՛կ, հասի՛: Վահեն վատ ա: Կոշիկներս չկարողացա գտնել, ոտաբոբիկ վազեցի Վահեի մոտ: Ուրեմն` անբնական ճմռթված վիճակում Վահեն ընկած էր: Էդ դիրքը հնարավոր չի պատկերացնել` ինչ ծալապատիկ էր: Գիտակցություն ընդհանրապես չկար: Միայն խռռոցի տեսքով թեթևակի ներշնչման պրոցես էր կատարում: Ոչ մի ռեակցիա չկար: Պուլսը շոշափեցի, շատ թույլ, քիչ հաճախականությամբ. զգացի, որ շատ վատ ա: Արկադին միանգամից վազեց Վահեի մեքենայի բանալիները սրահից բերելու:

Էդ պահին նկատեցի, որ Էդգարն ա մոտենում: Վահեին երեքով դրեցինք մեքենայի ետնամասում, ես ետնամասում նստեցի, և, ինչքան հնարավոր ա արագ, այնտեղից հասել ենք Մուրացանի վրայի կենտրոնական հոսպիտալ»,- պատմում է Ա. Բայադյանը` ասելով, թե երբ ուշքի են եկել, ոչ ոք իրենք կողքին չի եղել: «Ոնց որ անապատում լինեինք, երեք հոգով ենք եղել, ոչ ոք մեզ չի մոտեցել, չի օգնել»,- ասում էր նա:

«Ես ամբողջ ճանապարհին հետևում նստած, գլուխը (խոսքը Վահե Ավետյանի մասին է.- Օ.Հ.) մաքսիմալ անշարժ պահած, փորձում էի, որ որոշակի շնչական ակտ լինի, բայց բացարձակ չկար: Պաթոլոգիկ խռռոցի ձևով թեթևակի ներշնչում էր անում: Պուլսն անընդհատ ձեռքիս, գնալով ավելի ու ավելի խորանում էր ամեն ինչը: Ճանապարհին զանգել եմ ռեանիմացիոն բաժնի պետին, բոլորին, որ բոլոր բժիշկները պատրաստ լինեն: Հասել ենք հոսպիտալ, պատգարակով արդեն սպասում էին:

Բարձրացնում էինք, լիֆտի մեջ արդեն շնչառության կանգ տվեց: Վայրկյաններ անց միացրել ենք արհեստական շնչառություն, որից հետո շտապ տարել ենք հետազոտության, «կոմպյուտերային տոմոգրաֆիա» արվեց, որի պատկերն ուղղակի սարսափելի էր: Միջին գծի շեղումը կազմում էր 45 մմ, մինչև 9 մմ շեղումը կյանքի հետ անհամատեղելի է: Իրա դեպքում կյանքի հետ անհամատեղելի շեղումը հինգ անգամ գերազանցում էր: Շտապ տարել ենք վիրահատության: Մնացածն էլ ի՞նչն ասեմ: Ինչ որ հնարավոր, անհնարին կար` փորձեցինք, արեցինք, բոլոր Հայաստանի գլխավոր մասնագետներով, բոլորով, բայց դե, հրաշք տեղի չունեցավ»:

Ա. Բայադյանի խոսքով` երեկոյի ընթացքում իրենց հետ է եղել նաև Դիանա Նավոյանը, ով Վահե Ավետյանի ծանոթն էր:

Ըստ Ա. Բայադյանի` ինքը լրատվամիջոցներից ու շրջապատից տեղեկացել է, որ մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը ու Նորայր Հայրապետյանն աշխատում են որպես թիկնապահներ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, որի ընթացքում կշարունակվի Ա. Բայադյանի հարցաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս