«Եթե հնարավորություն լիներ` հենց հոկտեմբերի 27-ին ես նրան կգնդակահարեի»
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կողմից Երևանի քրեակատարողական հիմնարկներ կազմակերպված այցելությանը չի մասնակցել: Հիշեցնենք, որ այդ օրը որոշ պատգամավորներ ցանկություն էին հայտնել այցելել նաև Նաիրի Հունանյանին:
«Քրեակատարողական հիմնարկների բոլոր այցելություններին ես մասնակցություն եմ ունեցել, բացառությամբ այդ օրվա, որովհետև այլ պայմանավորվածություն ունեի: Ես այդ օրն, այդ ժամին հանդիպում ունեի, որին ներկա չգտնվել չէի կարող, բայց, անշուշտ, տեղեկացրել էի հանձնաժողովի անդամներին, որ ներկա չեմ լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը:
Նրա խոսքով` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից պետք է ծանոթանալ բոլոր ազատազրկվածների խնդիրներին և հնարավորության չափով օգտակար լինել դրանց լուծմանը: «Անկեղծ ասած, ես ո՛չ ուզում եմ Նաիրի Հունանյանի անունը լսել, ո՛չ ուզում եմ նրա հետ առնչվող հարցերին պատասխանել: Եթե հնարավորություն լիներ, հենց հոկտեմբերի 27-ին ես նրան կգնդակահարեի»,- նշեց Մարգարիտ Եսայանը:
Ըստ նրա՝ փոքր-ինչ տգեղ էր, որ պատգամավորների կողմից իրականացված այցելությունը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի նախօրեին: «Թեպետ ամեն մեկն ինքն է որոշում` ում հանդիպի և երբ, բայց, կրկնում եմ, որ տգեղ էր: Գուցե ես հիմա խոսում եմ ընդդեմ մարդու իրավունքների պաշտպանության, բայց ինձ համար այս քայլն ընդունելի չէ: Ես չէի ցանկանա տեսնել Նաիրի Հունանյանին»,- ընդգծեց Մ. Եսայանը: