
«Ի՞նչ խնդիր կա Նաիրի Հունանյանին այցելելու մեջ որ». Սպարտակ Մելիքյան

«Նաիրի Հունանյանին այցելելը ճիշտ էր: Ի՞նչ խնդիր կա այցելության մեջ որ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կողմից Երևանի քրեակատարողական հիմնարկներ կազմակերպված այցելությանը, որի ընթացքում որոշ պատգամավորներ հանդիպել էին նաև Նաիրի Հունանյանին:
Սպարտակ Մելիքյանի խոսքով`թեպետ այդ օրն ինքը չի մասնակցել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպված այցելությանը անձնական խնդիրների պատճառով, սակայն, խանգարող որևէ հանգամանք` Նաիրի Հունանյանին չայցելելու համար, ինքը չի տեսնում:
«Նա բոլորի պես բանտարկյալ է, ի՞նչ տարբերություն: Նա ևս քաղաքացի է: Մարդու իրավունքները մնում են մարդու իրավունքներ, ի՞նչ կապ ունի, թե ով է, ի՞նչ հանցանք է կատարել»,- նշեց Ս. Մելիքյանը: