Հայկական կայքերի վրա հարձակումների 90 տոկոսը կատարում են ադրբեջանցիները
Հայկական կայքերի վրա ուղղված հարձակումների 90 տոկոսը կատարում են ադրբեջանցի հաքերները, իսկ հարձակման հիմնական թիրախ են դառնում հայկական լրատվական կայքերը: Այսօր «Արմատ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ABC domain ընկերության վեբ հոսթինգ վարչության ղեկավար Արման Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական կայքերի վրա հարձակումներ, ըստ IP հասցեների, ամենաշատը կատարվում են Չինաստանից, սակայն հարձակումների բովանդակությունից պարզ է դառնում, որ հարձակումների հեղինակներն ադրբեջանցիներն են:
Ա. Խաչատրյանի խոսքով՝ ամենատարածված հարձակումը հայաստանյան կայքերի վրա DDoS հարձակումներն են:
Նշենք, որ DDoS-ն իրականացվում է մեկ կայքին տարբեր համակարգիչներից բազմաթիվ հարցումներ ուղարկելու մեթոդով: Այսինքն` արհեստականորեն մեծացնում են կայքի այցելուների կամ դիմումների քանակը, արդյունքում՝ ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի հետևանքով կայքը ժամանակավորապես անհասանելի է դառնում ընթերցողների համար:
«Հայաստանի ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ այսօրվա վիրուսները նախկինի նման չեն: «Եթե նախկինում շատ դեպքերում վիրուսները համակարգչի մեջ հայտնվելով՝ պարզապես ջնջում էին դրանում առկա տեղեկատվությունը, ապա ներկայում վիրուսները նման գործառույթ չունեն, նրանք պարզապես հավաքում են ձեր համակարգչում առկա տեղեկատվությունը»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ այդ ամենը հետագայում կարող է օգտագործվել հենց ձեր դեմ:
Ըստ Գ. Սաղյանի՝ հայկական կայքերը ներկայում հաճախ ստեղծվում են ոչ պրոֆեսիոնալների կողմից, ինչի արդյունքում ստեղծված կայքը խոցելի է դառնում: Բացի այդ, հայկական կայքերի մեծ մասը ստեղծվելուց հետո չի սպասարկվում, մինչդեռ միշտ պետք է հետևել կայքի համակարգի թարմացմանը, այլապես կարելի է բավական հեշտ խոցելի դառնալ: