
Այսօր հարցաքննվելու է «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Սակայն քիչ անց դատավորը հայտարարել է ընդմիջում:
Բանն այն է, որ այսօրվա նիստում պետք է հարցաքննվի տուժող Արտակ Բայադյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ա. Բայադյանը կարող է նստել իր ներկայացուցիչների կողքին, սակայն մեղադրյալների պաշտպաններն ընդդիմացան` ասելով, թե նրա ներկայացուցիչները կհուշեն Ա. Բայադյանին ինչպես պատասխանել հարցերին:
Մեղադրյալների պաշտպանները պահանջեցին թույլ չտալ, որպեսզի Բայադյանը նստի իր ներկայացուցիչների կողքին, հակառակ դեպքում պահանջեցին, որպեսզի իրենք նույնպես նստեն իրենց պաշտպանյալների կողքին:
Դատարանը բավարարեց մեղադրյալների պաշտպանների պահանջը և հայտարարվեց ընդմիջում, որպեսզի պաշտպանների համար աթոռներ տեղադրվեն բոլոր մեղադրյալների կողքիին:
Ի դեպ, Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր դատարանում հայտարարեց, որ Վ. Ավետյանի հայրը շարունակում է հրաժարվել դատական նիստերին մասնակցելուց, քանի որ նա դեռևս հոգեբանորեն պատրաստ չէ դրան: