Բաժիններ՝

Ոստիկանությանը 5,6 մլրդ դրամ ավելի կհատկացվի, քան 2012 թվականին

2013թ. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվել է հատկացնել շուրջ 30,8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2012թ. ցուցանիշը 5,6 մլրդ դրամով կամ 22,2 տոկոսով:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում ներկայացնելով հաջորդ տարվա համար այս ոլորտի ֆինանսավորման հարցը` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ էական փոփոխությունը պայմանավորված է 2013 թ.-ի հունվարի 1-ից կիրառվելիք «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջներով: Այլ ծախսերի գծով 2012թ.-ի համեմատ մեծ տարբերություններ չկան:

Գումարները նախատեսված են հետևյալ ծրագրերի համար` հասարակական կարգի պահպանության ապահովման գծով` շուրջ 24 մլրդ դրամ, անձնագրերի բլանկների տպագրության` շուրջ 173 մլն դրամ, պետհամարանիշների ձեռքբերման` 236 մլն դրամ, «Նախագահի ընտրություններ» ծրագրով` 255 մլն դրամ, պայմանավորված 2013թ.-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններով, Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների ծրագրով` 82,8 մլն դրամ, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների շենքերի ու շինությունների, կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների պահպանության համար` 1,4 մլրդ դրամ:

Ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտնել է, որ 2013թ.-ին նախատեսվում է իրականացնել որոշ գերակա խնդիրներ:

Մասնավորապես, նախատեսվում է Երևան քաղաքի հասարակական վայրերում տեսադիտարկման սարքավորումների տեղադրում: 2012թ.-ին մայրաքաղաքի շուրջ 10 վայրերում արդեն իսկ նման համակարգեր տեղադրվել են:

Գալիք տարի իրականացվելիք ծրագրային երկրորդ ուղղությունը Ոստիկանությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումն է:  Ըստ Ա.Օսիկյանի, այս ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն Ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Երրորդ ուղղությունը` ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում շարունակվելու է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը:

Չորրորդ գերակա ուղղությունը մարզերում տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման համակարգերի տեղադրումն է, համապատասխան սարքավորումների ձեռքբերումը: «Այս տարի Երևան քաղաքում համապատասխան հաշվառման քննական կենտրոնը կառուցվեց և շահագործման հանձնվեց, ինչի արդյունքում էականորեն բարձրացվեց ծառայությունների մատուցման թե’ որակը, թե’ օպերատիվությունը: Ընդհանուր առմամբ նման քայլ մենք ցանկանում ենք իրականացնել նաև մյուս տարի մարզերում և դրանով հանդերձ ամբողջացնել այս ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացման գործընթացը»,-ասել է փոխոստիկանապետը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս