Արման Նշանյանը կմեկնի՞ «Եվրատեսիլ»
Օրերս, երբ համացանցում հայտնվեց Արման Նշանյանի «Գնա» երգի անգլալեզու տարբերակն ու տեսահոլովակը, շատերը կարծեցին, թե Արմանը ցանկություն ունի Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլում»:
168.am-ն այս մասին խոսեց դերասան, երգիչ Արման Նշանյանի պրոդյուսերի՝ Գայանե Մաշուրյանի հետ: Հարցին, արդյոք ճի՞շտ են Արման Նշանյանի՝ «Եվրատեսիլ» մեկնելու մասին խոսակցությունները, նա պատասխանեց. ««Եվրատեսիլը» հետաքրքիր մրցույթ է ցանկացած արտիստի համար:
Մեկ տարի ընդմիջումից հետո, Հայաստանը հաջորդ տարի արդեն պետք է ներկայանա այդ մրցույթին, այդ իսկ պատճառով հասկանալի է, որ շատերն ունեն նմանատիպ ցանկություն:
Ինչ վերաբերում է Արման Նշանյանին, ապա նա դեռ չի մտածել այդ թեմայի շուրջ»: Հարցին, թե ինչո՞վ ինքը կբացատրի նմանատիպ խոսակցությունները, Գայանե Մաշուրյանը պատասխանեց. ««Գնա» երգի անգլերեն տարբերակը ձայնագրված է եղել շատ վաղուց: Մենք ունեցել ենք միաժամանակ երկու տարբերակները, ուղղակի որոշեցինք սկզբում եթեր դնել հայերեն տարբերակը»: Հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ Արման Նշանյանը ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում», երգչի պրոդյուսերը պատասխանեց. «Արմանի թե՛ ձայնային տվյալները, թե՛ լեզվական խնդիրներ չունենալը, թե՛ այն, որ նա երկար տարիներ ապրել, սովորել, աշխատել է Եվրոպայում, նրան կարող են թույլ տալ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»: Եվ այդ տեսակետից՝ ինչո՞ւ ոչ, հնարավոր է»: