«ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. իրենք անգամ իրենց այլընտրանք են համարում». Արամ Սարգսյան

168.am-ի թղթակցի հարցին, թե` Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ՀԱԿ-ը լքելու պատճառներից մեկը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը չընդունելն է, ի՞նչն է Ձեզ խանգարում ընդունել այս միավորումը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց.

«Ես իմ մոտեցումն այս առումով դրսևորել եմ՝ հրաժարվել եմ մանդատից: ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. իրենք անգամ իրենց այլընտրանք են համարում: ԲՀԿ-ն այլընտրանք է բոլորի համար. ոչ միայն իշխանությունների, այլև ՀԱԿ-ի, իմ, Ձեր համար: Կարծում եմ, որ ԲՀԿ-ի ներսում հասկանում են՝ ո՞վ են իրենք: ԲՀԿ-ն հասկանում է, որ միայն փող ունենալը բավարար չէ ընտրություններում արդյունքներ գրանցելու համար, որովհետև փող իրավունք ունի բաժանելու միայն Հանրապետական կուսակցությունը: Ու եթե ՀՀԿ-ն չցանկանա, որքան էլ Հանթսմանը բարեգործական գումարներ տա, իրենք կարող են այդ ամենի գլխին կանգնել, թույլ չտալ, որ դու տրակտորներ բաժանես, ու նույնիսկ կարող են նման երևույթների համար քրեական գործ հարուցել: Ժողովուրդը, հատկապես ինձ պես մարդիկ, ովքեր կողմնակից են իրական, արդար ընտրությունների անցկացմանը, ոչ թե իշխանությանը հակակշիռ են ուզում տեսնել, այլ՝ արդար ընտրական համակարգ: Ո՞ւմ է պետք հակակշիռը: Արդար ընտրություններ թող լինեն, իշխանություն կձևավորվի, ով ժողովրդի քվեն կունենա, ընդդիմությունն էլ ինքնըստինքյան կձևավորի այն բևեռը, որը հետագայում կպայքարի իշխանությանը հասնելու համար: Եթե խնդիր ես դնում՝ իշխանությանը հակակշիռ լինես, ոչ թե իշխանություն լինես, դու հաշվարկել ես, թե ինչո՞ւ չես ասում, որ Սերժ Սարգսյանը պիտի փոխվի, որովհետև դու վախենում ես այդ ամենն ասես, քանի որ հաշվարկել ես, որ այդ ամենն ասելու համար քո հնարավորությունները չեն բավարարում: Ես վստահ եմ, որ եթե փողոցում  հասարակական մեծ զանգված հավաքվի մինչ կամ հետընտրական պրոցեսներում, հնարավոր է, որ ԲՀԿ-ն գա, ու ժողովուրդն էլ ընդունի իր մուտքն այս դաշտ: Բայց, երբ այդ զանգվածը չկա, բացառում եմ նման զարգացումները»:

Արամ Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս