ՌեԱնիմանիա. 400 անիմացիոն ֆիլմեր անվճար կցուցադրվեն
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 3-9-ը: Փառատոնի ընթացքում բոլոր ֆիլմերի ցուցադրությունները լինելու են անվճար: Անիմացիոն ֆիլմեր (մուլտեր) կցուցադրվեն շուրջ 10 վայրերում՝ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, «Մալյան» թատրոնում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում, «Խնկո-Ապոր» մանկական գրադարանում, ինչպես նաև «Այբ» կրթահամալիրում, «Թումո» կենտրոնում, «Կոջոյան» դպրոցում, իսկ երեկոյան ժամերին` «Բուրբոն» ակումբում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, փառատոնի բացմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու խոսքով՝ իրենք այս տարի հատուկ են ընտրել փառատոնը նոյեմբերին կազմակերպելու փաստը, քանի որ այդպիսով փորձելու են ակտիվ դարձնել նոյեմբեր ամիսը: Եվ, չնայած ցրտին, նաև բացօթյա ցուցադրություններ են սպասվում: «Բացօթյա ցուցադրությունները կլինեն Սիրահարների այգում, որտեղ ջեռուցման հատուկ տեխնիկայով 60-100 հոգու համար հատուկ տարածք կլինի, որը կտաքացվի, ցուցադրությունները կլինեն հենց այդտեղ»,- ասաց Վ. Քասունին: Նրա խոսքով՝ «ՌեԱնիմանիան» արդեն հաջորդ տարի մեծ շուքով կնշի իր 5-ամյակը:
«Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ այս տարի փառատոնի խորհրդի անդամ է դարձել աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ Անսիի փառատոնի տնօրենը՝ Տիցիանա Լոսքին»,- ասաց Վ. Քասունին` նշելով, որ անիմացիոն ոլորտի ևս երկու կայացած մարդիկ՝ Մաքս Հաուարդը և Շոտլանդիայի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Սյուզի Ուիլսոնը, դարձել են հայաստանյան այս փառատոնի խորհրդի անդամ:
Փառատոնը կհյուրընկալի անիմատորների` Բրազիլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից, որոնք տեղական ժյուրիների հետ կորոշեն այս տարվա հաղթող ֆիլմերը, նաև կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասընթացներ:
Այս տարի առաջին անգամ կմեկնարկի Work-in- Progress ծրագիրը, որը հայ անիմացիոն գործչին հնարավորություն կտա ներկայացնել իր նոր և անավարտ աշխատանքը և, ինչո՞ւ չէ, գտնել հովանավորի, ով կօգնի նրան ավարտին հասցնել աշխատանքը:
Ամփոփելով անցած 3 տարիները` Վ. Քասունին նշեց, որ փառատոնի կազմակերպած վարպետության դասընթացներին անվճար մասնակցել է 186 երիտասարդ` ոչ միայն Հայաստանում, այլև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում անիմացիոն փառատոների շրջանակներում կազմակերպված վարպետության դասընթացներին:
«ՌեԱնիմանիայի» գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը նշեց, որ փառատոնի ընթացքում կներկայացվեն 400 ֆիլմեր` աշխարհի 40-ից ավելի երկրներից: Նրա խոսքով՝ ներկայացվելու են ոչ թե հոլիվուդյան, այլ եվրոպական բարձրարժեք ֆիլմեր, որոնք անգամ ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական շատ ու շատ երկրներում երբևէ չեն ցուցադրվել: «Դրանք ոչ թե թեթև մուլտեր են, այլ լուրջ անիմացիոն ֆիլմեր են, որոնք խորություն են պարունակում»,- ասաց Լ. Քասարջյանը՝ նշելով, սակայն, որ դրանք գեղեցիկ են գեղարվեստական առումով և կարող են հետաքրքիր լինել նաև երեխաների համար:
Տեղեկացնենք, որ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որին կհաջորդի «Նկարը» ֆրանսիական անիմացիոն ֆիմի պրեմիերան: