Կան պետություններ, որոնք կարող են մասնակից լինել Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը
«Բացահայտմանը խանգարող հանգամանքները հավանաբար հանցագործության կազմակերպման ու կատարման հետ են կապված, որովհետև այն նույն ուժերը, որոնք կանգնած են Հոկտեմբերի 27-ի իրականացման հետևում՝ շահագրգռված չեն գործը բացահայտելուն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերին:
Ըստ նրա՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար զուտ իրավական մեթոդները բավարար չէին. «Պետք է շատ լուրջ մի համակարգ ձևավորվի՝ պետական և քաղաքական համակարգերի առկայությամբ, որը կբացահայտի գործը: Կան պետություններ, փաստորեն, որոնք կարող են ինչ-որ ձևով մասնակից լինել գործի բացահայտմանը, և նրանց կողմից համապատախան նշաններ դեռևս այն ժամանակ տրվել են, բայց Հայաստանում առայժմ չկա համակարգը, որը «տեր կանգնի» այս ամենին»:
Աշոտ Մանուչարյանը հավելեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջ քաշի գաղափար՝ ստեղծելու հեղինակավոր հանձնախումբ, որի կազմում անհատներ լինեն՝ հայտնի նաև միջազգային ասպարեզում, գուցե հետաքննության շնորհիվ շատ մանրամասներ բացահայտվեն:
«Անկասկած, արտաքին ուժերի պատվերը Հոկտեմբերի 27-ի հարցում ևս կար: Դա դավադրություն էր՝ ուղղված Հայաստանին՝ անկախության հնարավորությունից զրկելու համար: Այդ պահին Հայաստանն այդ մեծագույն հարվածի հետևանքով զրկվեց անկախությունից: Բացահայտումը հնարավորություն կտա գիտակցել, թե ի՞նչ համակարգի հետ գործ ունենք, և թե ինչպե՞ս պետք է գործել, որ նման հարվածները չկրկնվեն»,- նշեց Ա. Մանուչարյանը: