«Փուչիկների գործով» նոր հաղորդում՝ քրեական գործ սկսելու մասին. Սաքունցը դատախազություն է դիմել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Փուչիկների գործով» քրեական նոր գործ սկսելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ներկայացնելով նոր հիմքեր «Փուչիկների գործը» նորովի սկսելու և նոր նախաքննություն իրականացնելու համար: ԳԱԼԱ-ի թղթակցին ասել է Արթուր Սաքունցը:
«Ես ասել էի, որ եթե քննչական մարմինները, դատախազությունը Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցի հետքերով նոր քրեական գործ չսկսեին, ապա ես էի դիմելու այդ պահանջով: Հիմա արդեն հաղորդումը մեր գրասենյակը պատրաստել է, ես էլ իմ ստորագրությունը դրել եմ և մնում եմ այն համոզմանը, որ դատախազությունը կոնկրետ նոր հանգամանքներով նոր քրեական գործ պիտի հարուցի, պիտի հարցաքննվեն նորից և՛ Ս. Բոզոյանը, և’ նրա կինը`Մարիա Բոզոյանը և էլի մարդիկ, ովքեր արդեն հարցաքննվել, կամ ընդհանրապես չեն անցել այս գործով»,- փոխանցել է իրավապաշտպան Ա. Սաքունցը: Նրա համոզմամբ` «Փուչիկների գործը» չի կարելի փակված կամ ավարտված համարել, քանի որ, ըստ էության, հնարավորություն կա փոխելու այդ գործի ընթացքը:
«Քանի որ Մուրադ Բոզոյանի կինը խոսքում վկայակոչել է մի հանգամանքի մասին, որը քննությամբ գնահատական չի ստացել: Խոսքը գնում է փուչիկներ պատվիրողի մասին: Քրեական գործով մեղադրանք առաջադրված է միայն փուչիկներ փչողին, բայց ո՞վ է պատվիրատուն եղել, ինչքա՞ն է օրինաչափ եղել այդ պատվերը, ո՞վ է վճարել եւ ինչու՞: Մարիամ Բոզոյանը անուն է նշում»,- համոզված է Ա. Սաքունցը:
Արթուր Սաքունցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Ս. Բոզոյանի կինն իր հարցազրույցում խոսել է նաև ամուսնու «վախերի» մասին` ասելով, թե ինքը վախենում է խոսել. «Իսկ հիմա, էդ մարդիկ ընդհանրապես վախից ընդհատակ են անցել, պատկերացնում եք անգամ մենք զանգահարում ենք, ուզում ենք պայմանավորվել, որ հանդիպենք, բայց իրանց ընտանիքը, իսկականից, վախից չգիտի` ինչ անի: Սա ավելի մեծ խնդիր է»,- ասել է իրավապաշտպան Ա.Սաքունցը: