Տիգրան Սարգսյանը ցմահ վարչապետ
ՀՀԿ-ԲՀԿ հեռակա բանավեճը շարունակվում է: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է վարչապետի փոփոխության հարցը, ասել է, որ վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել և չի էլ քննարկվելու:
Եվ քանի որ, ըստ խոսակցությունների` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց պահանջում է վարչապետի փոփոխություն, Շարմազանովի հայտարարությունը կարելի է ընկալել որպես պատասխան ԲՀԿ-ի պահանջներին:
Այսպիսով` ՀՀԿ խոսնակն ասում է, որ սատարում-վարչապետի պաշտոնի դիմաց բանաձևն իրենք մերժում են, և վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի համար ավելին է, քան ԲՀԿ սատարումը: ՀՀԿ-ն սատարման դիմաց առաջարկում է երկու փոխվարչապետի պաշտոն, որից էլ ԲՀԿ-ն է հրաժարվում:
Իսկ ինչպե՞ս են ԲՀԿ-ում ընկալել Շարմազանովի` իրենց ուղղված պատասխանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հարցին ի պատասխան, հայտարարեց. «Որքան տեղյակ եմ` իշխանությունները սահմանադրական հանրաքվե անցկացնելու ծրագիր կամ գաղափար ունեն՝ փոխվարչապետերի պաշտոններ ավելացնելու համար: Ֆինասական ռեսուրսները խնայելու առումով` կարող եմ առաջարկել, որ ևս մեկ շատ կարևոր հարց դնեն հանրաքվեի՝ այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ցմահ է և այն անվերապահ կցվում է Տիգրան Սարգսյանին: Հույս ունեմ, սահմանադրական նման լրջագույն փոփոխությունից հետո ՀՀԿ մեր գործընկերները ստիպված չեն լինի բոլոր պատեհ և անպատեհ առիթներով վարչապետի անփոխարինելիության և անփոփոխության թեզը կրկնելուց»:
ԲՀԿ-ն պահանջում է փոխել վարչապետին, ՀՀԿ-ն հայտարարում է, որ այդ պահանջը անընդունելի է.արդյո՞ք հանուն միայն նրա, որ վարչապետին փոխելու հնարավորություն ունենա, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի: