Կհրապարակվի Վարդգես Գասպարիի դեմ գործով դատավճիռը

Հոկտեմբերի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի  նախագահությամբ,  կհրապարակի  Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ գործով  դատավճիռը: Այս մաին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է  հասարակական կարգը, ինչն  արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի, շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:

Այսօր իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարեց, որ իր դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված գործը դուրս է  իրավական հարթությունից:  Ըստ նրա,  «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության  խաղաղ ցույցի մասնակիցներն, այդ թվում՝ ինքը, ընդամենը   հակազդել են  քաղաքացիական հասարակության իրավունքների ոտնահարմանը:  Ավելին, ըստ ՀԱԿ ակտիվիստի, այդ  ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է  անհարգալից վերաբերմունք  դրսևորել քաղաքացիական հասարակության  հանդեպ, և մասնակի դիմադրության հանդիպելով՝ հանձնարարել է ոստիկանություն բերման ենթարկել  իրեն:

Մեղադրողը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում  միջնորդել էր  Վ. Գասպարիի նկատմամբ տուգանք նշանակել 50  հազար դրամի չափով:  Իսկ Վ. Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը  միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է պաշտպանը,  ըստ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, խուլիգանություն չի կարող համարվել այն արարքը, որն ուղղված է կոնկրետ անձի դեմ: «Նկատի ունենալով, որ  տվյալ դեպքում Վ. Գասպարիի արտահայտություններն ուղղված են եղել  նախկին ոստիկանապետի հասցեին,  Վ. Գասպարիի գործողությունները  չեն կարող համարվել խուլիգանություն»,- ասաց պաշտպանը՝  նկատելով, որ  նախկին ոստիկանապետի գործողությունները՝  քաղաքացիներին հրելով ՝  ճանապարհ բացելով,  սադրել են   ակցիայի մասնակիցների կողմից համապատասխան վերաբերմունք:

Տեսանյութեր

Լրահոս