Ծառուկյանը չի առաջադրվի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ այսօր տեղի ունեցածը հերթական անգամ բացահայտում է, թե ինչ իրավիճակ է տիրում համանուն կուսակցությունում:

Այսօր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ, ինչպես իր մի քանի գործընկերների, այնպես էլ իր անձնական կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով: Նա նաև ասել է, որ բացառապես իր անձնական տեսակետով` այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:

Ճեպազրույցներում Ն. Զոհրաբյանի հայտարարությունները որոշ լրատվամիջոցներում ներկայացվել են այնպես, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարը պաշտոնապես հայտարարել է, թե կուսակցությունն ընտրություններում առաջադրելու է Գ. Ծառուկյանի թեկնածությունը: Հարևանցիորեն նշենք, որ այդ լրատվամիջոցների մի մասը ՀԱԿ-ամերձ լրատվամիջոցներ են: Բայց, տվյալ դեպքում, խնդիրը դա չէ, քանի որ առանց այս միջադեպի էլ՝ գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ի` լևոնզուրաբյանական հատվածը (եթե, իհարկե, դա կարելի է հատված համարել) ցանկանում է նախագահի թեկնածուի դերում տեսնել Գագիկ Ծառուկյանին:

Սակայն այսօր տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ի այդ ներկայացուցիչների ու Նաիրա Զոհրաբյանի անձնական ցանկությունն, ըստ ամենայնի, իրականություն չի դառնալու: Բանն այն է, որ ճեպազրույցներում Ն. Զոհրաբյանի նշված հայտարարություններից մի քանի ժամ անց Նաիրա Զոհրաբյանի անունից տարածվեց հայտարարություն, համաձայն որի` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարն արտահայտել է բացառապես իր անձնական տեսակետը, ինչը որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրելով ներկայացրել են՝ որպես կուսակցության պաշտոնական տեսակետ:

Այս`վերջին հայտարարությունը մի ուշագրավ դետալ ուներ. լրատվամիջոցներին ուղարկված հայտարարության տեքստը տարածվել էր ոչ թե՝ Նաիրա Զոհրաբյանի, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակի կողմից: Ավելին, այն ուղարկվել էր Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի էլեկտրոնային հասցեից:

Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս դետալն իրականում ավելի քան բովանդակային նշանակություն ունի:

Այդպիսով, Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես արձանագրում է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Կամ, առնվազն առայժմ, նման որոշում չի կայացրել: Դատելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը պարզաբանող այդ հաղորդագրության ձևից ու բովանդակությունից` ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ում խնդիր է առաջացել դրա հետ կապված:

Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ այժմ Գագիկ Ծառուկյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի միջև բանակցություններ են ընթանում նախագահական ընտրություններում վերջինիս սատարելու դիմաց ԲՀԿ-ին կառավարությունում մասնաբաժին տալու վերաբերյալ, ապա Ն. Զոհրաբյանի այսօրվա հայտարարությունը կարող էր հակառակ թևում ընկալվել՝ որպես բանակցային ընթացքից շեղվելու արտահայտություն: Գուցե դա է պատճառը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարկ է համարել պաշտոնապես արձանագրել, որ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը միայն նրա անձնական տեսակետն է:

Ընդ որում, Նաիրա Զոհրաբյանը Վարդան Օսկանյան չէ, նա միշտ հրապարակային դաշտում արտահայտել է ԲՀԿ-ի դիրքորոշումը, և սա, թերևս, առաջին դեպքն է, երբ Զոհրաբյանի ասածը կուսակցության կողմից որակվում է՝ որպես «անձնական»:

Հնարավոր է, իհարկե, այս իրավիճակի պատճառն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը դեմ լինելով որևէ ձևաչափով Ս. Սարգսյանին սատարելուն, այսկերպ իսկապես արտահայտել է իր անձնական տեսակետը: Սակայն կարևոր է ԲՀԿ-ի  արձանագրումը: Գագիկ Ծառուկյանին որպես նախագահի թեկնածու՝ կուսակցությունն առայժմ պաշտոնապես չի համարում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս