Նաիրա Զոհրաբյանը պարզաբանել է
«Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը պարզաբանում է, որ իր այսօրվա խոսքերը որոշ կայքեր խեղաթյուրել են:
Հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշե՞լ է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձևաչափը, ես բառացի պատասխանել եմ հետևյալը. «ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի։ Բայց, ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես ևս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»։
Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է՝ միտումնավոր, կամ գուցե ոչ, և ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնացելու է սեփական թեկնածուով։
Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որևէ մեկի խոսքը:
Հարգանքներով` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան»: