
1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ` միջազգային օլիմպիադայից

Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Հարավային Կորեայում անցկացվող Աստղագիտության միջազգային օլիմպիադայում: Նրանք նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար: Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտ Արսեն Ասլանյանն արժանացել է արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը և Սիրանուշ Բաբախանովան` բրոնզե մեդալների:
Տեղեկացնենք, որ Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում հոկտեմբերի 16-24-ն անցկացվող աստղագիտության միջազգային օլիմպիադայում մասնակցում են Երևանում կայացած ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադայում հաղթած հայ պատանիները: Այս մասին 168.am-ը տեղեկանում է Հայկական աստղագիտական ընկերությունից:
Նշենք, որ 2012 թ. դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները արդեն ավարտվեցին: Հայաստանի աշակերտներն այս տարի նվաճել են ընդհանուր առմաբ 16 մեդալ՝ սահմանելով յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ: