«Ռոբերտ Քոչարյանին պետք է դատեն, ոչ թե պաշտպանեն»
ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանից 168.am-ը հետաքրքրվեց` արդյոք համամի՞տ եք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե` «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:
Ի պատասխան՝ Գրիգոր Հարությունյանն ասաց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Կասեմ միայն այն, որ Լևոն Զուրաբյանն իր անձնական տեսակետն է ներկայացրել: Նման հարց, համենայնդեպս, մենք չենք քննարկել»:
168.am-ի հարցին, թե՝ Դուք կո՞ղմ եք, որ ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ հնարավոր թեկնածուին, նույնիսկ, եթե նա լինի Ռոբերտ Քոչարյանը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Եթե իմ անձնական տեսակետն եք հարցնում` ասեմ, որ ես կողմ չեմ, որ ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ թեկնածուին: Ի՞նչ է նշանակում՝ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ռոբերտ Քոչարյանին պետք է դատեն, ոչ թե պաշտպանեն»:
Հարցին էլ, թե՝ կարելի՞ է ասել, որ Դուք կողմ եք, որպեսզի ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկալի է, որ ՀԱԿ-ն իր սեփական թեկնածուն առաջադրի, բայց, նորից եմ կրկնում, նման հարց մենք չենք քննարկել»:
Նաև հետաքրքրվեցինք` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է լինելու այն թեկնածուն, ում վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն ՀԱԿ-ում: Ի պատասխան, Գ. Հարությունյանն ասաց. «Ում հարմար կգտնենք քննարկումների ընթացքում՝ նրան էլ կառաջադրենք»: