
300 մասնակից` 3 ամսվա ընթացքում

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ շուրջ 300 մաքսային ծառայողներ արդեն կատարելագործել են մասնագիտական հմտությունները ՊԵԿ ուսումնական կենտրոնում:
Հուլիսի 24-ից գործող կենտրոնի մաքսային մասնաճյուղում համակարգի աշխատակիցների համար հատուկ դասընթացներ են անցկացնում ինչպես ՊԵԿ վերադաս մարմնի, այնպես էլ արտերկրից հրավիրված մասնագետները:
ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետները երկարատև համագործակցություն են սկսել ՊԵԿ-ի հետ` մաքսային ընթացակարգերի ուսումնասիրման, պարզեցման և մաքսային ծառայողների աշխատանքային որակը բարելավելու ուղղությամբ: Ուսումնական կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ պարբերաբար դասախոսում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) անդամ պետությունների մասնագետները: Իսկ վերջերս Անգլիայից և Դանիայից հրավիրված հյուրերը եռօրյա սեմինար են անցկացրել` մտավոր սեփականության վերաբերյալ:
Ուսումնական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ մաքսային ծառայողները ստանում են տեսական և գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքում: Քանի որ մաքսակետերի աշխատակիցներն առնչվում են օտարերկրացիների հետ ևս, ուսումնական կենտրոնում դասավանդում են նաև մասնագիտական տերմինաբանությամբ անգլերեն և ռուսերեն: Նոյեմբերից կենտրոնում մեկնարկելու է կրթական ևս մեկ նախագիծ, որը նպաստելու է Հայաստանում հարկային միջնորդի ինստիտուտի զարգացմանը: Իսկ մոտ ապագայում հատուկ սարքավորումներով զինված սրահներում մասնակիցները կկարողանան գործնականում դիտարկել բոլոր այն իրավիճակները, որոնցում հայտնվում են մաքսակետերի ծառայողներն իրենց ամենօրյա աշխատանքում: