Doing Business & Telling Nonsense
Ինչպես և սպասվում էր, «Doing business-2013»-ն ահագին ոգևորել է հայրենի իշխանություններին։ Այնքան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է. «Այսօր մենք մտնում ենք աշխարհի լավագույնների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար նպատակը պետք է լինի՝ մտնել առաջին քսանյակի մեջ, եթե ոչ՝ տասնյակի»։
էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը հայտնվել է Արևմտյան Եվրոպայի երկրների հարևանությամբ՝ Նիդեռլանդներից հետո և Բելգիայից առաջ:
Այն, որ համեմատվում ենք եվրոպական երկրների հետ՝ լավ է։ Բավական է համեմատվենք և մրցենք միայն տարածաշրջանի հարևանների հետ։
Սակայն նույն եվրոպական երկրների հետ համեմատության մեջ մի հարց տանք՝ ի՞նչ կլինի եվրոպական երկրում պետական բարձրաստիճան պաշտոնյայի հետ, եթե նա ակնհայտ ոչ ճիշտ տեղեկություններ տարածի։ Չենք ուզում ասել՝ «խաբի»։ Պարզապես տեղեկություն տա, որի ոչ ճիշտ լինելու մասին վկայում է անգամ պաշտոնական վիճակագրությունը։
Չէ, իհարկե, ցանկացած մարդ կարող է սխալվել, շփոթվել։ Այդ թվում՝ նաև եվրոպացի պաշտոնյաները։ Բայց երբ մարդուն ապացուցում ես, որ նրա ասածը ճիշտ չէ, ու նա շարունակում է համառորեն պնդել, որ ինքը ճիշտ է եղել՝ ի՞նչ է լինում նման դեպքերում։ Ավելի պարզ խոսենք, երբ մարդն ասում է՝ գազը ներմուծվում է 180 դոլարով, հետո Մաքսային կոմիտեն ցույց է տալիս 220 դոլար, հետո նա կրկին պնդում է՝ 180 դոլար, հաջորդ եռամսյակում մաքսային կոմիտեն ցույց է տալիս արդեն 244 դոլար, ի՞նչ է լինում նման դեպքերում։
Փաստորեն, կամ այդ մարդն է խորը մոլորության մեջ, կամ այս մասին գրող լրագրողները, կամ էլ՝ մաքսային կառույցի աշխատողները։ Ու քանի որ մեր կառավարությունը սկսել է նայել առաջ՝ դեպի Եվրոպա, ցանկանում է տեղ գտնել գործարարությամբ զբաղվելու համար ամենահարմար երկրների առաջին քսանյակում, կխնդրեինք այս հարցը վերջապես պարզաբանել։ Նորմալ մեկնաբանել՝ ինչպե՞ս հասկանալ ՊԵԿ-ի և նախարարի նշած թվերի տարբերությունը։ Հետո նոր միայն կարելի է խոսել գոնե Արևելյան Եվրոպայի հետ ոտք գցելու մասին։ Ի վերջո, գործարարները նայում են Doing Business-ին, բայց ներդրումներ չեն անում այնպիսի երկրներում, որտեղ ամենատարածված որակը ստախոսությունն է։