«Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ և պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը». Ն. Զոհրաբյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ նոր համաձայնագիր ստորագրվի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, հայտարարել էր. «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ», ըստ որի` նրանք պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Այլ փաստաթուղթ չունենք: Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, 168.am–ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, ասաց. «Ինձ նման մտադրություններ հայտնի չեն, և «Բարգավաճ Հայաստանը» որևէ քաղաքական ուժի հետ որևէ հուշագրի շուրջ բանակցություններ չի վարում: Սա՝ առաջին հարցի առաջին մասի վերաբերյալ: Հարցի երկրորդ մասի պատասխանը, թե նախկին կոալիցիայի հուշագիրն ուժի մեջ է. եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա ես էլ պաշտոնապես հիմա հայտարարում եմ, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ, իսկ դրանից հետևում է, որ նա պարտավոր է պաշտպանել իր կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»: