Այսօր չունենք 2008-ի ընդդիմությունը
«Շատ կցանկանայի տեսնել ուժեղ ընդդիմություն, և այդ ուժեղությունը չափվեր ոչ թե ԱԺ ամբիոնում բարձր բղավելով, կոկորդային ձայներ հանելով, այլ դրսևորվեր այն աշխատանքով, որն իրենք կիրականացնեն հասարակության հետ: 2008թ. ունեինք ուժեղ ընդդիմություն, որին հաջողվեց հասարակությանը հանել հրապարակ, մինչդեռ այսօր մենք չունենք այդ ընդդիմությունը: Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է` դրանից բխող բոլոր հետևանքներով և հնարավորություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Հարցին, թե` հասարակությունը չի հավատում նաև իշխանությանը, Մ. Եսայանը պատասխանեց. «Որևէ ժամանակաշրջանում և որևէ երկրում հասարակությունը չի հավատացել իշխանությանը: Որպես օրինակ` կարող եք հետևել արտերկրում կատարվող իրադարձություններին` հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, վարչապետերի հրաժարականներ, և այլն: Դա բնական գործընթաց է: Բայց եկեք ընդունենք, որ երբ հասարակությունը խնդիր է ունենում, գնում է ոչ թե ընդդիմության, այլ իշխանության դուռը` իր այս կամ այն հարցը լուծելու համար: Որքան էլ ասում եք` չի հավատում, բայց իր խնդիրների լուծումն, այնուամենայնիվ, կապում է իշխանության հետ, քանի որ հասկանում է` առաջին. իշխանությունը պարտավոր է լուծել իր խնդիրները, և երկրորդ` միայն իշխանությունը կարող է լուծել այդ խնդիրները: Դա է պատճառը, որ, ինչպես դուք եք կարծում` չհավատալով, այնուամենայնիվ, հավատում է»:
Մարգարիտ Եսայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.