Համակարգչային ծրագիրը 99.5 տոկոսով ստուգում է հայերեն տեքստերը
Նոյեմբեր ամսից վաճառքի կհանվի հայերեն լեզվի ուղղագրության, կետադրության և քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2012 տարբերակը: Նախորդի՝ Armenian PowerSpell 2011-ի համեմատ ծրագրի նոր տարբերակն ունի մի շարք առավելություններ։
Դրանցից ամենակարևորը տողադարձի խնդիրն է, որը ծրագիրն արդեն կընկալի և կուղղի: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծրագրի կոորդինատոր Մերի Պապյանը` ավելացնելով, որ Armenian power spell- հայերեն տեքստերում տառասխալներ գտնող միակ համակարգչային ծրագիրն է, այն աշխատում է ոչ միայն MS Word-ում, այլ նաև Excel և PowerPoint ծրագրերում:
Ծրագիրը ստուգում է մոտ 850.000 բառ և 500 քերականական և կետադրական օրենքների համապատասխանությունը: Ըստ Մ. Պապյանի` ծրագիրն ապահովվում է հայերեն լեզվի 99.5 տոկոս ծածկույթ և ճշգրտություն:
Նշենք, որ ծրագիրը ոչ միայն ուղղում է բառերում թույլ տրված տառասխալները, այլև ստուգում է տեքստը ոչ թե բառ առ բառ, այլ իրար հաջորդող մի քանի բառերը միասին` այդպիսով որոշակիորեն նաև օգնելով տեքստի իմաստային սխալների ուղղում իրականացնելուն: Բացի այդ` ծրագիրը վերլուծում է նախադասությունը և ուշադրություն է դարձնում սխալ հոլովներին:
Ծրագրի տարեկան արժեքը մեկ համակարգչի համար արժե 15.000 դրամ, որից հետո հաջորդող տարեկան լիցենզիան արժե 11.000 դրամ: Armenian PowerSpell 2012 տարբերակը հնարավոր կլինի անվճար ներբեռնել 7օրյա օգտագործման համար www.powerspell.am կայքից:
Նշենք, որ ծրագրի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս 2004-ից` լեզվաբանների և ծրագրավորողների կողմից, սակայն այն անընդհատ թարմացվում է իր մեջ ներառելով նոր բառեր, ինչպես նաև բառեր գրելու որոշ փոփոխություններ: Ծրագրի ստեղծումը նախաձեռնել է «Սահակ Պարթև-Պապյան» ընկերությունը: