Doing Business-ում Հայաստանն առաջադիմել է 18 հորիզոնականով
Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող «Doing Business 2013» զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ՝ առաջադիմել է 18 հորիզոնականով և այժմ 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը։
Նշենք, որ զեկույցը հրապարակվում է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից։ Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատվում է 11 չափորոշիչների հիման վրա՝ բիզնես սկսել, շինթույլտվությունների ստացում, հարկերի վճարում և այլն։
Հայաստանն ամենից շատ առաջադիմել է «Ներդրողների պաշտպանվածություն» չափորոշիչով՝ 98-րդ տեղից բարձրանալով 25-րդ տեղը։ 44 հորիզոնականով բարելավվել է նաև հարկերի վճարման չափորոշիչը։ Չնայած առաջընթացին, այս չափորոշիչով Հայաստանը շարունակում է զբաղեցնել ցանկի վերջին մասում՝ 101-րդ տեղը։
Doing Business-ը կարևոր կողմնորոշիչ է ներդրողների համար։ Սակայն ներդրողներից ոչ պակաս այն կարևորում են Հայաստանի իշխանությունները։ Այնպես որ, 18 կետով առաջադիմելը կներկայացվի՝ որպես կառավարության հաջող գործունեության ապացույց։
Չնայած առաջընթացին, Հայաստանն այս զեկույցում շարունակում է զիջել Վրաստանին, որը զբաղեցնում է 9-րդ տեղը։ Ադրբեջանը 67-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 112-րդ։
Գործարարությամբ զբաղվելու համար ամենահարմար երկիր շարունակում է մնալ Սինգապուրը, որին հաջորդում են Հոնկոնգը և Նոր Զելանդիան։