Երեք տարում բուժվել է 98 երեխա (լուսանկարներ)

Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» ցուցասրահում տեղի ունեցավ  «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամը ձևավորվել է 2009թ. ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ, որի նախագահն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիմնադրամի առաքելությունն է՝ օգնության ձեռք մեկնել օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի նախաձեռնած թվով երկրորդ նմանատիպ միջոցառումն էր: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում թվով 98 երեխա է բուժվել:

Հիմնադրամի նպատակներն են` միջոցների ներգրավումը` քաղցկեղով և հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ երեխաների բուժման և վերականգնման նպատակով, այդ հիվանդություններով տառապող երեխաների հանդեպ հասարակության ուշադրության սևեռումը, առանց փոխհատուցման դոնորական արյան հանձնման խթանումը, և այլն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Խորհրդի կազմում են` ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, տնտեսագետ Քնարիկ Կարապետյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը, երաժիշտ Մարինե Ալեսը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, բժիշկ, քաղաքական գործիչ Արա Բաբլոյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Հարությունյանը, «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Նարինե Մամիկոնյանը, և այլք:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Առաջին տիկինը, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, պաշտոնատար անձինք, քաղաքական և տնտեսական գործիչների կանայք, տարբեր ոլորտներում գործող կին գործիչներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, բժիշկներ,  և այլք: Ներկա էին նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը և ՌԴ համանուն հիմնադրամի փոխնախագահը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին մի շարք նկարիչների (Էդուարդ Խարազյան, Ռոբերտ Էլիբեկյան, Սարո Կալենց, Հասմիկ Սևոյան, Վանանդ Շիրազ, Էմիլ Գազազ, Վալմար, Գագիկ Ղազանչյան, Տիգրան Մատուլյան, Գաբրիել Մանուկյան` Գաբո, և այլք) ստեղծագործություններ՝ շուրջ  50 նկար: Վաճառքի էր դրված նաև նկարիչ Տիգրան Մատուլյանի և այդ երեխաների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծված շուրջ 12 կտավ, որոնք արտացոլում էին երեխաների հոգում անընդմեջ զարգացող մանկական հեքիաթը:

Կարդացեք նաև

«Եթե բարեգործությամբ ես զբաղվում, ապա այն ընդհանրապես չպետք է ընդգծես: Դա արվում է ինչ-որ բարի նպատակներով: Ամեն մեկն ունի ինչ-որ պատճառներ այս բարեգործական ծրագրին մասնակցելու համար: Ես ինքս ունեմ իմ անձնական պատճառներն՝ այս գործում իմ լուման ներդնելու համար: Ցանկացած բան, երբ արվում է բարեգործական հիմունքներով, և որի շուրջ հավաքվում են բարին կամեցող այսքան մարդիկ, ապա նկատում ես, որ շատ ավելին կարող ես անել»,- մեզ հետ զրույցում ասաց երաժիշտ Մարինա Ալեսը: Նա  նշեց, որ այս նախագիծն իր ստեղծման օրից իր շուրջն  է հավաքել  մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում երեխաներին օգնելու, ինչ-որ կերպ նրանց կյանքը գունավորելու համար: «Այս ամենում, իհարկե, իր մեծ դերն ունի տիկին Ռիտա Սարգսյանը, ում միջոցով մեր հնարավորություններն ավելանում են: Մենք ունենք այդ պատիվը՝ զգալու Առաջին տիկնոջ աջակցությունը»,- ասաց Մարինա Ալեսը:

Ջազմեն Լևոն Մալխասյանը պարտավորվածություն և հպարտություն է զգում, որ մասնակից է այս գործին: «Սա մեր ֆոնդի կազմակերպած միջոցառումն է, որ երկար ժամանակ քննարկվում էր: Շատ նկարիչներ են իրենց գործերը նվիրել այս ֆոնդին: Դա անգնահատելի է, և մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց դրա համար: Նրանք մեր ընկերներն ու հարազատներն են, որոնց մենք շատ շնորհակալ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց երաժիշտը:

«Այս ցուցահանդես-վաճառքի ընթացքում վաճառված նկարների ամբողջ հասույթը մենք տրամադրելու ենք երեխաների առողջացմանը: Հուսանք, որ այսօր մեծ գումարներ կկարողանանք հավաքել, որն իսկապես մեզ շատ անհրաժեշտ է երեխաներին փրկելու համար»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:

Դերասան Հրանտ Թոխատյանը, որ ցուցահանդես-վաճառքին եկել էր իր դստեր հետ, մեզ հետ զրույցում առաջնային համարեց համապատասխան հիվանդանոց ունենալու խնդիրը: «Մեզ միանում են բազմաթիվ անհատ ձեռներեցներ, գործարարներ, բայց եթե հիմա մենք դիմում ենք նրանց աջակցության համար, ապա հույս ունեմ, որ մոտ ապագայում նրանք անձամբ կգան և կմիանան մեր բարեգործական ծրագրերին: Այս ծրագիրն ուղղված է երեխաներին առողջ տեսնելուն: Այս ծրագիրը պետք է լինի հետևողական: Հիվանդանոց ունենալու ծրագրով շահագրգռված կողմեր արդեն ունենք: Մարդ կա, որ իր աջակցությունը ցուցաբերում է գումարի, նվերների, դեղերի միջոցով: Ցավոք սրտի, բուժումն այսօր շատ թանկ է, եթե կարողանում ես մեկ կամ երկու կյանք փրկել, քեզ ավելի հանգիստ ու թեթև ես զգում: Մենք այնքան տաղանդավոր երեխաներ ունենք: Ես ուզում եմ հավատալ, որ ամեն բան լավ է լինելու, հակառակ կարծիքի մասին մտածել անգամ չեմ ցանկանում: Ամենակարևորն այն է, որ կարողանաս հավատ ներշնչել դիմացինին, երեխաներին: Հաղթանակ է այն, որ երեխան հավատում է, որ մի օր կառողջանա և կիրականացնի իր երազանքները»,- ասաց Հրանտ Թոխատյանը:

«Նվիրիր կյանք» հիմնադրամի ցուցահանդես-վաճառքին  ներկա էին նաև այն երեխաները, ովքեր արդեն ապաքինվել են: «Ես ուզում եմ բժիշկ դառնամ, որ բուժեմ մարդկանց»,- մեզ հետ զրույցում ասաց փոքրիկ Ալենը: Նա պատմեց, որ շատ է սիրում ծաղիկներ նկարել, սիրում է վարդ նկարել: «Ես սիրում եմ իմ մամային ու պապային ու բոլորին»,- ասաց Ալենը:

Երեկոյի ընթացքում «Նվիրիր կյանք» հիմնադրամի երեխաներին ողջունեցին իրենց տարեկից երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց կատարումներն էին նվիրում փոքրիկներին՝ առողջություն մաղթելով նրանց: Սակայն երեկոյի գլխավոր երգը Ռիտա Սարգսյանի հեղինակած երգն էր, որն արդեն իսկ դարձել է հիմնադրամի հիմնը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:

«Նվիրիր կյանք» հիմնադրամին միացել է նաև երգահան Էդգար Գյանջումյանի հիմնադրած «Օգնենք» հիմնադրամը: «Վստահ եմ, որ միասին կհասնենք մեծ արդյունքների: Այսօր տեսնում ենք, որ աշխարհում բժշկությունը զարգացել է, և մենք կարող ենք հաղթահարել այդ հիվանդությունը: Ամեն տարի երեխաների թիվը, որոնք առաջ են նայում արդեն երջանիկ աչքերով` կշատանա»,- ասաց Տիգրան Գյանջումյանը:

«Երբ բոլորս միասին ենք, ամեն ինչի էլ կարող ենք հասնել: Այս ամենին կարելի է հասնել աշխատանքի, ձգտման միջոցով, և մենք մեր երեխաներին կփրկենք, ինչպես այսօր արդեն տեսնում ենք» ,- ասաց Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

«Տա Աստված, որ մենք լինենք օգնողի կարգավիճակում:  Ես երեխաների նկարների մեջ ապրելու հույս եմ տեսնում»,- ասաց հիմնադրամի պատվավոր նախագահ, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Մի քանի ժամվա  ընթացքում, մինչ երեկոյի պաշտոնական ավարտը, արդեն իսկ վաճառվել էին գրեթե բոլոր աշխատանքները.  հավաքված գումարը կազմել է  150.000 ԱՄՆ դոլար: Կազմակերպիչները հույս ունեին, որ նկարներն ամբողջությամբ կվաճառվեն:

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

 

Տեսանյութեր

Լրահոս