«32 ատամ» ակումբը հյուրախաղերով մեկնում է ԱՄՆ
«32 ատամ ակումբը» հյուրախաղերով կմեկնի ԱՄՆ: Այս մասին այսօր 168.am-ը տեղեկացավ պարուհի, խորեոգրաֆ Իռեն Ուլիխանովայից: Այս անգամ պարուհին ևս իր մասնակցությունն է ունենալու ներկայացվող ծրագրում, որտեղ պարելու է սագվեներով պար:
«Անակնկալներ ենք պատրաստել ԱՄՆ-ի մեր հանդիսատեսի համար: Իմ սագվեյով պարը ևս անակնկալ է լինելու: Հուսամ՝ կհավանեն»,- ասաց Իռեն Ուլիխանովան:
Մեզ հետ զրույցում «32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը նշեց. «Հատուկ Լոս Անջելեսի հայության համար նախապատրաստվում է հետաքրքիր հումորային ծրագիր: Այն համարները, որ ընդգրկել ենք ծրագրում, երբևէ չեն կրկնվել: Բոլորովին նոր ծրագիր է, որով նախատեսում ենք նոյեմբերի 2-ին և 4-ին ներկայանալ Լոս Անջելեսի հայությանը: Եթե հանգամանքները թելադրեն, հնարավոր է, որ համերգների թիվն ավելանա»:
Վահագն Գրիգորյանից նաև տեղեկացանք, որ «32 ատամ» ակումբի ողջ անձնակազմը չէ, որ մեկնելու է ԱՄՆ: «Մեկնելու են 5 հոգի՝ Արսեն Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, ես և Կարեն Բաբաջանյանը»,- ասաց Վահագն Գրիգորյանը: Նշենք, որ խումբը վերջին անգամ հյուրախաղերով ԱՄՆ էր մեկնել 3-4 տարի առաջ: