«Գիզիրյանի կադրերը չկան, ստեղ չեն, իրա հետ չեն եկել, Գիզիրյանի կադրերը դեռ թաքնված սպասում են». Աշոտ Գիզիրյան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը galatv.am– ի հետ զրույցում հետաքրքիր բացահայտում է արել` հայտարարելով, թե Գյումրու Էնրիկո Մատտեի անվան Իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանը, ով նախկինում հացթուխ է եղել և բժշկական կրթություն չունի, հովանավորվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի կողմից:
«Մենք այդ կադրի հետ ընդհանրապես կապ չունենք: Գագիկ Ադամյանին նշանակել է այդ պաշտոնում Շիրակի մարզպետը»,- ասել էր ՀՀ առողջապահության նախարարը: Հիշեցնենք, որ Գագիկ Ադամյանից տևական ժամանակ դժգոհում են հիվանդանոցի աշխատակիցները, բուժանձնակազմը, բժիշկները` հայտարարելով, որ նա հիվանդանոցի ու բժշկական գործի հետ ընդհանրապես կապ չունի, եւ որ լինելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ բուժհիմնարկում իրականացնում է կամայական կրճատումներ, հեռացնում աշխատանքից այն կադրերին, ովքեր փորձում են նրան հակառակվել:
Պարզվում է, որ Գագիկ Ադամյանի հիվանդանոցի տնօրեն դառնալուն դեմ է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը: Այդ մասին ասել էր Դերենիկ Դումանյանը` նշելով, որ եթե հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանը տնօրենի մրցույթին մասնակցի, առողջապահության նախարարության մասնագետը դեմ կքվեարկի:
galatv.am- ը Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ Շիրակի գեներալ մարզպետը հովանավորում կամ աջակցում է Գագիկ Ադամյանին: Աշոտ Գիզիրյանը սկզբում հրաժարվել է պատասխանել այդ հարցին` իր խորհրդական Արաքս Կիրակոսյանի միջոցով փոխանցելով, որ հարցի պատասխանը պետք է ստանալ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետից, ոչ թե իրենից: Լրագրողի հետևյալ դիտարկմանը, թե` «Ձեր կա՞դրն է հացթուխ Գ. Ադամյանը», Գիզիրյանը կատակել է. «Գիզիրյանի կադրերը չկան, ստեղ չեն, իրա հետ չեն եկել, Գիզիրյանի կադրերը դեռ թաքնված սպասում են»:
Ըստ էության, մարզպետը ոչ հաստատել և ոչ հերքել է փաստը, որ Գագիկ Ադամյանը հովանավորվում է իր կողմից:
«Էդ մարդուն չտաս, ո՞ւմ տաս: Դուք գիտեք` դա ինչ հիվանդանոց է: Մինուսով էին աշխատում: Էդ կառույցի տնօրենը չարաշահումներ էր արել, բռնեցին: Իսկ էս մարդը վա՞տ ա աշխատում, հարցնում եմ` վա՞տ ա աշխատում: Պարտքերը տվել, հիմա պլյուսով ա առաջ գնում»,- հավելել է Աշոտ Գիզիրյանը:
Գյումրու ավագանու անդամ, Իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանի մասին մինչ այդ խոսում էին, որ նա նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մտերիմներից է և վերջինս էլ սկզբում օգնել է նրան, որ մասնագետ չլինելով ու բժշկությունից հեռու լինելով՝ նշանակվի հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար: