Բաժիններ՝

«Փուչիկների գործով» դատապարտվածի տիկնոջ «168 Ժամ»-ին տված հարցազրույցը փոխում է գործի ընթացքը

«Փուչիկների գործով» մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ` Մարինե Բոզոյանի «168 ժամ»-ին տված հարցազրույցը փոխել է գործի ընթացքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը medialab.am-ի հետ զրույցում նշել է, որ հարցազրույցը, որի ընթացքում կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու:

«Բոզոյանի կնոջ հայտարարությունը միջնորդագիր ներկայացնելու բավարար հիմք է, այս հարցը պետք է բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրվի: Պատվիրատուն նույնպես պետք է պատասխանատվություն կրի, քանի որ ակնհայտ տեղեկացված է եղել»,- ասել է Ա. Սաքունցը:

Հիշեցնենք, Սերոբ Բոզոյանի կինը՝ Մարինե Բոզոյանը, «168 Ժամ»-ի լրագրողի հետ զրույցում ասել էր. «Երբ լսեցի էդ լուրը, ես էնքան համոզված էի, որ իմ մարդն անմեղ ա, որովհետև գիտեի` 10 տարուց ավել ա` էդ գործն անում ա, անգամ տան մեջ բալոնները դրած էդ գործն անում ա` հարսանիք ա, ծնունդ ա, կնունք ա` միշտ էստեղ են եկել, և ոչ մի դեպք չի եղել: Որ հարևանին էլ ուզում եք հարցրեք` 10 տարվա մեջ մի դեպք չի եղել, հենց էդ օ՞րը պիտի լիներ»:

Ըստ Մարինե Բոզոյանի` այդ օրը Կարեն անունով մեկը (երիտասարդներին` մեթանով լիցքավորված 7000 փուչիկներով հրապարակ ուղեկցող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի հետ են շատերը կապում դժբախտ պատահարը) «ստիպել» է, որ փուչիկները մեթանով լիցքավորեն, քանի որ հելիումը թանկ է:

Ներկայացնում ենք «168 Ժամ»-ին տված հարցազրույցից նշյալ հատվածները.

Մ.Մ.– Իսկ դեպքից հետո Ձեր ամուսինն ի՞նչ էր պատմում:

Մ.Բ. – Ինքը փչել ա, գնացել ա: Ինքը հենց տեղում` Հրապարակում ա փչել, պատրաստել:

Մ.Մ.- Իսկ չասա՞ց, թե ովքե՞ր էին պատվիրատուները, ովքե՞ր եկան վերցրեցին փուչիկները:

Ս.Բ.– Չգիտեմ, այ չգիտեմ, թե ո՞ր կուսակցությունից էին եկել… Հանրապետականից էին, հա: Կարենն ո՞վ ա:

Մ.Մ.- Այսինքն` ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյա՞նն էր եկել փուչիկները վերցնելու:

Ս.Բ. – Ապրես… 7000 փուչիկ էր: Ինքը 7000 փուչիկ չէր կարող մենակ փչել ու կապել: Առավոտը գնացել էր ու մինչև ժամը 12:00-1:00-ը փչելիս ա եղել:

Մ.Մ.– Իսկ կպատմե՞ք` ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր ամուսինը փուչիկները ոչ թե հելիումով, այլ մեթանով լիցքավորեց:

Ս.Բ.– Ինքը սկզբից ասել ա, որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի, իսկ վթարն էլ ինչի՞ց է տեղի ունեցելգ

Մ.Մ.- Այսինքն` պատվիրատուն ցանկացել է, որ մեթանո՞վ լիցքավորի փուչիկները:

Ս.Բ. – Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը թանկ է:

Մ.Մ. – Ձեր ամուսինը սովորաբար քանի՞ դրամով է լիցքավորում 1 փուչիկը:

Ս.Բ. – 300 դրամով:

Մ.Մ. – Իսկ մեթանով լիցքավորելու դեպքո՞ւմ:

Ս.Բ. – Ինքը մեթանով չի լիցքավորել: Չգիտեմ:

Մ.Մ. – Այսինքն` պարտադրե՞լ են Ձեր ամուսնուն, որ մեթանով լիցքավորի:

Ս.Բ. – Այո, իրեն պարտադրել են, բայց ինքը հրաժարվել է:

Մ.Մ. – Եվ հետո ստիպե՞լ են:

Ս.Բ. – Դե, երևի ստիպել են, ու հետո ինքը ստիպված փչել ա, բայց նաև ասել ա, որ սրանով չի լինի:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ մեծ թվով փուչիկներ, որոնք լիցքավորված են եղել ոչ թե հելիումով, այլ մեթանով, պայթել էին երիտասարդների ձեռքում: Առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել էին Երևանի բուժհաստատություններ: Դեպքի առնչությամբ մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Սերոբ Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Երկու անչափահաս երեխայի հայր Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ազատազրկվել է 1 տարի ժամկետով: Ի դեպ, Սերոբ Բոզոյանին հոկտեմբերի 17-ին ազատազրկման դատապարտելուց հետո «Ֆեյսբուք»-ի իր էջում Կարեն Ավագյանը նշել է, թե ինքը կապ չունի տեղի ունեցածի հետ. «Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ։ Թե ինչի համար են իրենք կապ փնտրում, թողնենք իրենց խղճին»։

«Մեդիալաբի» հարցին ի պատասխան, թե ինչպես է մեկնաբանում Բոզոյանի կնոջ խոսքերը, Կարեն Ավագյանը հայտարարել է, որ «Փուչիկների» հետ կապված ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել, քանի որ «բոլոր հարցերի պատասխանը պարզ է»:

Ըստ իրավապաշտպանների, սակայն, միայն մեկ մարդու` Սերոբ Բոզոյանի վրա տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բարդելն ուղղակի հանցագործությունը կոծկել է նշանակում, հատկապես այն դեպքում, երբ խոսքը հարյուրից ավելի մարդկանց առողջությանը հասցված վնասի մասին է:

«Եթե պատվիրատուն նույնպես տեղյակ էր, որ փուչիկները լցված են եղել մեթանով, ապա ինչո՞ւ պետք է միայն պատվեր կատարողը պատժվի: Եվ մյուս մեղավորներին չպատժելու համար է, որ նման մեղմ պատժամիջոց է սահմանվել միայն փուչիկները լիցքավորող անձի համար: Այդքան երիտասարդների դժբախտությունից հետո պետք է խիստ պատժվեին և պատվիրատուն, և պատվերը կատարողը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում օրեր առաջ ասել էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Իմ խորին համոզմամբ` քննչական մարմինը չի անդրադարձել անգամ, թե ով է եղել պատվիրատուն, ով է վճարել, չի անդրադարձել նաև կուսակցության կողմից ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությանը և կանխամտածված լռության է մատնել այն բոլոր հանգամանքները, որոնք ուղղակիորեն կապված են իշխող կուսակցության հետ»,-  ասել է Արթուր Սաքունցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս