Ցավով պիտի արձանագրեմ, որ ավելի շատ տուժելու են «Ազատ դեմոկրատները»
««Ժառանգությունն» ամեն ինչ արեց, որպեսզի պայմանավորվածությունների խախտման փաստը կուսակցությունների հարաբերությունների վրա չանդրադառնա»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների պառակտման մասին` ասաց «Ժառանգության» վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Անկեղծ ասած, եթե նկատել եք, «Ժառանգության» որևէ անդամ նախկինում չի էլ մեկնաբանել կամ գնահատական չի տվել տեղի ունեցածին, ընդամենը հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդի կողմից եղել է պայմանավորվածություն և այդ պայմանավորվածությունը չի կատարվել, բայց ոչ ավելին: Մենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շատ անդամների հետ ընհանուր ճանապարհ ենք անցել, քարոզարշավ ենք անցկացրել և նաև ունեցել ենք առաջադրված ընհանուր նպատակներ: Բայց, ցավոք, լիդերների մակարդակում կայացված պայմանավորվածության խախտումը «Ազատ դեմոկրատների» առաջնորդի կողմից, ըստ էության, բերեց նրան, որ տրոհումն անխուսափելի դարձավ խմբակցության ներսում»,- ասաց նա:
Ընդհանրապես ճի՞շտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այդ պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարելը, ապա Խաչատուր Քոքոբելյանի կողմից պայմանավորվածության փաստի ժխտմանը հաջորդած Ր.Հովհաննիսյանի կտրուկ հայտարարությունը Խ.Քոքոբելյանի հասցեին, ինչը, փաստորեն, պատճառ դարձավ խմբակցության տրոհման, չնայած որ Քոքոբելյանը միաժամանակ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու Ր.Հովհաննիսյանի հնարավոր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Մեր այս հարցադրմանը` Ս.Սաֆարյանը պատասխանեց. «Հայտարարությունների կտրուկությունը չի պատճառը, անկեղծ ասեմ: Պատճառն ընհանրապես նման խաղի կանոններով առաջ շարժվելն է, երբ ձեռք է բերվում պայմանավորվածություն, և այն չի կատարվում: Չլինեին անգամ որևէ հայտարարություններ կամ պատասխաններ, միևնույն է` եթե կանոն չի գործում, երբ չի կատարվում ձեռք բերված պայմանավորվածությունը, «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատներն» առաջ շարժվելու խնդիր ունեին: Հետևաբար, ես չեմ կարծում, որ հայտարարությունները որևէ կերպ ազդեցին իրավիճակի վրա: Հայտարարություններն ընդամենը ջրի երես հանեցին եղած խնդիրը»:
Իսկ հարցին, թե այս դեպքը որքանո՞վ կազդի Րաֆֆի Հովհաննիսյան հավանական թեկնածուի հեղինակության վրա, Ս.Սաֆարյանը պատասխանեց.
«Ցավով պիտի արձանագրեմ, որ ավելի շատ տուժելու են «Ազատ դեմոկրատները»: Ցավով եմ ասում: Չեմ ասում, թե «Ժառանգությունը» շահած է դուրս գալիս այս իրավիճակից, ամենևին ոչ: Բայց, համենայնդեպս, մենք եթե անգամ քայլ առաջ չկարողացանք անել, ապա գոնե ունենք այն, ինչ ունենք»: