«Dalma Garden Mall»-ն արդեն բացվել է (լուսանկարներ)

Երեք տարի տևած շինարարական աշխատանքներից հետո այսօր տեղի ունեցավ «Dalma  Garden Mall» առևտրի կենտրոնի  պաշտոնական բացման արարողությունը: Սա «Տաշիր գրուպ» ընկերության թվով չորրորդ նախաձեռնությունն է:

Միջոցառման սկիզբը մեկնարկեց առավոտյան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, որոնց դիմավորեց «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը:

ՀՀ նախագահի այցելությունից հետո առևտրի կենտրոնը կրկին փակվեց` կեսօրին մեծ շուքով վերաբացվելու պայմանով: Այցելուները կարող էին ներս մտնել, ծանոթանալ առաջարկվող տեսականուն, սակայն դուրս գալ կարող էին  շինության երկրորդական մուտքերից: Ժամը 15:00-ին մեկնարկեց խանութ-սրահի երկրորդ բացումը` համերգային շոու-ծրագրով: Այն վարում էր դերասան Արսեն Գրիգորյանը, ում ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ  «Dalma  Garden Mall»-ի բացումը, և ցանկացողները կարող էին մտնել առևտրի կենտրոն:

Կենտրոնում տեղակայված զանազան բրենդային խանութներն իրենց գնորդներին առաջարկում էին ոչ միայն համաշխարհային բրենդերի վերջին հավաքածուների նմուշները, այլև կազմակերպվել էր մեծ հյուրասիրություն, նույնիսկ նվերներ հանձնվեցին այցելուներին: «Sali» կոշիկի կենտրոնի սրահի մոտ հավաքվել էր հոծ բազմություն: Խանութը նշում էր իր ստեղծման հինգերորդ տարեդարձը, որի կապակցությամբ վիճակահանություն էր կատարվում, կազմակերպվել էր հյուրասիրություն` դիջեյի նվագած երաժշտության ներքո:

Կարդացեք նաև

Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում, բացի էլեկտրոնիկայի և մանկական խանութ-սրահներից, գործեցին նաև արագ սննդի կետերը: Այցելուները, որոնց թվում էին նաև տեղական շոու-բիզնեսի ներկայացուցիչները` երգիչ-երգչուհիներ, դերասաններ ու այլ ճանաչված մարդիկ, շրջում էին խանութ-սրահում` ծանոթանալով առաջարկվող տեսականուն:

168.am-ի հետ զրույցում դերասան Արսեն Գրիգորյանն ու երգչուհի Նունե Եսայանը ողջունեցին  «Dalma  Garden Mall» բացելու նախաձեռնությունը` նշելով, թե այլևս հարկ չկա արտերկրից բրենդային հագուստ ձեռք բերել:

Իսկ առևտրի կենտրոնի գործառույթների, նախատեսվելիք ծրագրերի մասին 168.am-ը զրուցեց «Dalma Invest»-ի տնօրեն Էդգար Խաչատրյանի հետ: Հարցին, թե խանութի կիսատ և դատարկ  թողնված տարածքներում ապագայում ի՞նչ է նախատեսված, նա պատասխանեց. «Լինելու են նոր բաժիններ` կինոթատրոն, զվարճանքի կենտրոններ: Լինելու է նաև Հայաստանում իր տեսակի մեջ եզակի հիպերմարկետ, որը զբաղեցնելու է շուրջ 8500մ քառ ընդհանուր տարածք: Հարցին, թե քանի՞ բրենդ է ներկայացված առևտրի կենտրոնում, և արդյո՞ք տեղական արտադրանք վաճառվելու է այնտեղ,  Էդգար Խաչատրյանը պատասխանեց. «Ներկայացված են շուրջ 25 նոր բրենդեր: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր տարածք վարձակալել ցանկացող կազմակերպությունների հետ: Եթե տեղական արտադրողը ևս ցանկանա, և եթե պահանջարկ էլ լինի, ապա կհամագործակցենք: Մեր դռները միշտ բաց են բոլորի առաջ»:

Առևտրի կենտրոնի առաջարկած տեսականուն և բրենդերին ծանոթացող հասարակությանը ժամը 17:00-ին առաջարկվեց դուրս գալ բակ և վայելել շքեղ համերգային ծրագիրը, որի բացումը հայտարարվեց «Ռեինկարնացիա» խմբի կատարումներով:

 Լուսանկարները` Սերժ Դավիդովի

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս