Բալասանյանի կորցրած «Չայկան» Ղուկասյանի եղբոր բակում է կայանած
«Մեքենան անտեր չէ, իմ մեքենան է, գնացել բերել կանգնեցրել եմ իմ բակում, իսկ մինչ այդ, Գյումրու բնակվարչության բակում էր, քանի որ այնտեղ էի աշխատում»,- ի պատասխան Գյումրու քաղաքապետարանի երեկվա հայտարարության, թե առևանգել են Գյումրու քաղաքապետարանին պատկանող Գազ 13 մակնիշի «Չայկա» ավտոմեքենան, galatv.am-ին փոխանցել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը:
Ղուկասյանը հերքում է Գյումրու քաղաքապետարանի այն հայտարարությունը, թե մեքենան անհետացել է, կամ գողացել են` հայտարարելով, որ նա այդ մեքենան համայնքից ավագանու որոշմամբ գնել է դեռ 2005թ. և մեքենան իրենն է:
«Ավագանու որոշումը 2005թ. է եղել, ես վճարել եմ այդ անսարք մեքենայի համար երկու անգամ: Առաջին անգամ վճարել եմ 2005թ.` 365.000 դրամ, բայց քանի որ վճարման կտրոնը կորել էր, երկրորդ անգամ եմ վճարել` 100.000 դրամ»,- ասել է Գ. Ղուկասյանը:
Ըստ Վ. Ղուկասյանի եղբոր` Գևորգ Ղուկասյանի, ինքը 1960թ. արտադրության մեքենան ձեռք է բերել անսարք վիճակում, վերանորոգել է, հետո քանի որ աշխատել է բնակվարչությունում, կայանել է բնակվարչության բակում, ու երբ որոշել է իր մեքենան տանել տուն, հայտարարել են, թե մեքենան գողացել են:
«Ասում են, թե 100 հազար դրամով ինչպես եմ մեքենա գնել, ես էլ հայտարարում եմ՝ ի պատասխան, թե Բալասանյանը 150 մ երկարությամբ գարեջրի գործարանը ո՞նց է գնել 400.000 դրամով` մեջն էլ 25 հատ տակառ»:
Գևորգ Ղուկասյանի խոսքով` ինքը ավագանու որոշումն ու վճարման կտրոնները ներկայացրել է Շիրակի մարզային ոստիկանության քննչական բաժին: