Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Դալմա Գարդեն մոլ» համալիրի բացմանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը:
Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Առևտրային գոտում ապրանքանիշներ և արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, «Դալմա Գարդեն մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ և հիպերմարկետ:
«Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս: