
«51 միլիոնը ծաղր է, այդ շենքի արժեքը շատ ավելի մեծ է»

Երևանի կանաչապատման ծրագիրն օգտակար է, բայց բավարար չէ: Այս մասին լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, թե ինքը համամիտ չէ բնապահպանների այն տեսակետի հետ, թե քաղաքում տնկված ծաղիկները ավելի լավ է չլինեն:
Ըստ նրա` քաղաքում կառուցվել են բազմաթիվ շինություններ, որոնք քաղաքը տգեղացնում են: «Գրողների միության կողքը բուտկա է կառուցվում: Կառուցողը գրողների միությունն է: Ես դա անվանում եմ ոչ թե տաղավար, այլ բուտկա»,- նշեց Արմեն Պողոսյանը: Ըստ նրա`այդ տաղավարը կառուցելու թույլտվությունը ստորագրողը «հանցագործ է բառի բուն իմաստով»:
Արմեն Պողոսյանը վրդովված է նաև ԱԳՆ շենքը հյուրանոց դարձնելու գաղափարից. «51 միլիոնը ծաղր է, այդ շենքի արժեքը շատ ավելի մեծ է: Դա ինչ-որ կասկածելի գործարք է»,- հայտարարեց Ա. Պողոսյանը: