Խիստ նկատողություն` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տրվել է խիստ նկատողություն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: ՏՄՊՊՀ-ի փոխանցմամբ` մի շարք սպառողներ դիմել են հանձնաժողովին՝ դժգոհելով, որ եթե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով:
Սպառողները նաև բողոքել են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս նաև սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից:
Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը, ըստ ՏՄՊՊՀ-ի, լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը՝ այն է նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:
Հանձնաժողովը հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվել է խիստ նկատողություն՝ հանձնարարելով հետագայում բացառել սպառողների շահերը վնասող վարքագծից, պարտավորեցնել ընկերությանը բարեփոխել տոմսերի վաճառքի և վերադարձման համակարգը: