«Արևմուտքը նախագահական ընտրություններից հետո բացարձակ իշխող է լինելու Հայաստանում»

«Ես զբաղվում եմ նրանով, ինչով այսօր Հայաստանում ցավալիորեն շատ քչերն են զբաղվում. ես փորձում եմ զբաղվել քաղաքականությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ` ի պատասխան հարցին, թե ինչո՞վ է այսօր նա զբաղվում:

«Քաղաքականություն ասելով` ես նկատի ունեմ այն, երբ մարդ պատկերացում ունի, թե ի՞նչ հասարակական կյանք է տիրում, ի՞նչ է ուզում նա ստանալ ապագայում, և ո՞րն է ուղին, որը տանում է մի կետից մյուս կետը: Մնացած բոլոր զբաղմունքները, ինչ որ մենք տեսնում ենք քաղաքականություն անվան տակ, քաղաքականություն չէ»:

Խոսելով մեր տարածաշրջանի մասին` Աշոտ Մանուչարյանը նշեց, որ շատ տագնապալից իրավիճակ է, և գերտերությունները Հայաստանում փորձելու են լուծել ամենատարբեր խնդիրներ, քանի որ մենք համաշխարհային կիզակետերից մեկում ենք գտնվում, այդ պատճառով այստեղ դիրքեր ձեռք բերելը շատ կարևոր է տարածաշրջանային ուժերի համար: Նա նաև անդրադարձավ Վրաստանի ընտրություններին` նշելով,  որ Վրաստանում ԱՄՆ-ը, փաստորեն, Ռուսաստանին ձեռնունայն թողեց, Կովկասի ժողովուրդներն այժմ շատ ուժեղ մանիպուլացիոն դաշտերի մեջ է, և Հայաստանը բացառություն չէ: Իսկ հարցին, թե ո՞ր ուժերն են Հայաստանում փորձելու հարցեր լուծել, և Ռուսաստանը Հայաստանում ի՞նչ կփորձի անել նախագահական ընտրություններից առաջ, Ա.Մանուչարյանը պատասխանեց.  «Ռուսաստանը Հայաստանում գտնվում է բավական բարդ վիճակում, որովհետև տեսնում է, որ ինքը կորցնում է Հայաստանը. այտեղ վերջին տարիներին մեծ հաջողությամբ գործում է Արևմուտքը` առաջին հերթին անգլո-ամերիկյան դաշինքը, և նախագահական ընտրություններից հետո նրանք բացարձակ իշխող են լինելու Հայաստանում»:


Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս