«Երբ «Հազարամյակի մարտահրավերով» ձեզ տալիս են միլիոնավոր դոլարներ, ինչի՞ համար են տալիս» (լուսանկարներ)

«Դադարեցնել քաղաքական ճնշումները «Սիվիլիթաս» հիմադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ»: Այս պահանջով «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցներն այսօր երթով Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք` հանձնելու իրենց նամակ-պահանջագիրը: Հիմնադրամի աշխատակիցները դատախազություն ներկայացրին նաև երկու շաբաթվա ընթացքում հավաքված 13 հազար 57 ստորագրությունները:

Հիմնադրամի աշխատակից Սեդա Գրիգորիյանի խոսքով`երթի նպատակը ՀՀ ղեկավարներին, այդ թվում նաև ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելն է, որ իրենք դեմ են իշխանությունների գործողություններին. «Ուզում ենք՝ դատախազությունը գիտակցի, որ մենք տեր ենք մեր իրավունքներին, և իրենց գործողությունները ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել մեր աշխատանքներին, այսինքն՝ չենք վախենում»:

Civilnet-ի և «Օրակարգի» աշխատակից Թաթուլ Հակոբյանը նշեց, որ իշխանությունների նման վարմունքը հակառակ էֆեկտը կունենա, քանի որ Վարդան Օսկանյանը ներգրավված չի եղել որևէ անօրինական գործի մեջ. «Սա, իհարկե, կտա հակառակ էֆեկտը, բայց իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի իշխանույթունները այս ամենի վրա թքած ունեն: Նրանց հետաքրքրում է մեկ բան. Հնարավորինս` առանց Մարտի 1 իրականացնելու նախագահ Սարգսյանի համար ճանապարհ բացել դեպի Բաղրամյան 26»:

168.am-ի հարցին, թե համոզի՞չ չեն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այսօրվա դիտարկումները, թե կասկածելի է, որ Վարդան Օսկանյանին բարեգործության համար 2 միլիոն դոլար են տալիս, Թաթուլ Հակոբյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության իշախանություննե´ր, իսկ երբ «Հազարամյակի մարտահրավերով» ձեզ տալիս են միլիոնավոր դոլարներ, ինչի՞ համար են տալիս: Երբ որ Ռուսաստանը ձեզ տալիս է միլիոնավոր դոլարներ, ինչի՞ համար է տալիս: Երբ որ դուք աղաչում, խնդրում եք Եվրամիությանը, որ դոնորների համաժողով անցկացնի, որպեսզի միլիոնավոր, մինչև մեկ միլիարդ դոլարի մասին խոսք կա, ձեզ ինչի՞ համար են տալիս: Չեմ կարծում, որ լուրջ են նման մեղադրանքները»:

Կարդացեք նաև

Թաթուլ Հակոբյանին Գալուստ Սահակյանի մեկ այլ նկատառում ևս հիշեցրինք: Այսօր Գ. Սահակյանը նաև հայտարարել էր, թե ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ է’լ ավելի խորացրեցին կասկածները: Թաթուլ Հակոբյանը 168.am-ին այս առնչությամբ ասաց, թե իր համար էլ հաճելի չէ, երբ ԱՄՆ-ից միջամտում են Հայաստանի ներքին գործերին. «Երբ այս նույն իշխանությունները 1994-ին բռնաճնշումներ էին իրականացնում ՀՅԴ նկատմամբ, և երբ ամերիկյան պետքարտուղարությունը հատուկ հայտարարություն տարածեց՝ կոչ անելով դադարեցնել քաղաքական հետապնդումները, ՀՀԿ-ն այն կուսակցությունների շարքում էր, որը դատապարտեց պետքարտուղարությանը՝ ասելով, որ ինչո՞ւ եք միջամտում մեր երկրի ներքին գործերին: Այնպես որ` նման վարմունքը նորություն չէ: Լավ կլիներ Հայաստանի իշխանությունները չոտնահարեին մարդու իրավունքները Հայաստանի ներսում, որպեսզի նրանք էլ պաշտպանի դերում հանդես չգային»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս